
Արմինֆո. Ադրբեջանից ներմուծված պրեմիում-բենզինը Հայաստանում կվաճառվի 430 դրամ գնով, ինչը մոտավորապես 90 դրամով ցածր է, քան երկրում իրացվող նույն դասի բենզինի արժեքը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում՝ հղում անելով ԶԼՄ-ների տեղեկատվությանը:
Նշելով, որ մի շարք քաղաքացիներ հրաժարվում են ադրբեջանական բենզին գնել, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել այն բենզինը, այն գնով, որն ինքն է ցանկանում: «Հենց դա է պետության խնդիրը․ ապահովել ձեզ ընտրության լայն սպեկտր, անխափան երթուղիներ, որպեսզի ապրանքները հասնեն և հասանելի լինեն Հայաստանում: Մնացածը ամեն մեկն ինքն է որոշում", - ասել է Պապոյանը։
Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, ադրբեջանական բենզինը Հայաստանում իրացնելու են "Մեգա Թրեյդ"-ը և "Շիշա Ուորլդ"-ը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան, սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը: Մասնավորապես, առաջին խմբաքանակի շրջանակներում ստացվել է SOCAR-ի արտադրած ԱԻ-95 մակնիշի բենզինի 2 վագոն։
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ: Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես առեւտրային բնույթ է կրում։