Ուրբաթ, 26 Դեկտեմբերի 2025 12:11
Ալինե Գրիգորյան

ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել

ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Արմինֆո Նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը:

 

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:

 

«Առավել ևս առողջապահական հանընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նախարարը գործընկեներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:

 

Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է "Համընդհանուր բժշկական ապահովագրության մասին"օրենքի նախագիծը, որը ենթադրում է համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլային ներդրում ՝ երեք տարվա ընթացքում ։ Առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականի հունվարից. այդ ժամանակ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում կներգրավվեն մինչեւ 18 տարեկան երեխաները, 65 եւ բարձր տարիքի անձինք, անգամ եթե նրանք աշխատում են, 18-65 տարեկան հաշմանդամները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները: Նրանց համար ծախսերի 100 տոկոսն իր վրա է վերցնում պետությունը։ Հաջորդ տարվանից բժշկական ապահովագրության ենթակա են նաև ամսական ավելի քան 200 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները, նրանք ապահովագրության համար կվճարեն ինքնուրույն: