
Արմինֆո. Շուտով Հայաստան կհասնի ադրբեջանական բենզինի հերթական խմբաքանակը։ Այդ մասին հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա նշել է, որ դրանում արդեն սենսացիոն ոչինչ չկա, քանի որ այդ մատակարարումներն արդեն "ռելսերի վրա են", և այդ 2-րդ խմբաքանակին կհաջորդի 3-րդը, 5-րդը, 10-րդը և այլն:
Նախարարի ասելով՝ խոսքը մի քանի հազար տոննա բենզինի մասին է, ոչ միայն Premium դասի, այլև՝ Regular, ինչպես նաև դիզելային վառելիքի: Ընդ որում, դրա արժեքը 80 դրամով ցածր կլինի շուկայականից։
Ադրբեջանական բենզին ներկրողները, նրա խոսքով, առաջին խմբաքանակը ներկրած ընկերություններն են։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանցից մեկը պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող "Մեգա Թրեյդ" - ն է։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան, սկսվել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը: Մասնավորապես, առաջին խմբաքանակի շրջանակներում ստացվել է SOCAR-ի արտադրած ԱԻ-95 մակնիշի բենզինի 22 վագոն ՝ 1300 տոննա ընդհանուր քաշով։
Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ: