Ուրբաթ, 9 Հունվարի 2026 10:27
Ալեքսանդր Ավանեսով

Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան

Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․  Պապոյան

Արմինֆո. Նախօրեին Ադրբեջանի տարածքով Հայաստան է հասել ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այդ մասին Facebook-ի իր էջից տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Նրա խոսքով՝ ճանապարհին է  ևս 4103 տոննա ցորեն, ինչպես նաև 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք: "2025 թվականին երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել 6 580 տոննա հացահատիկ, որից 1 000 տոննան ՝ ղազախական, 5 580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև՝ 1 210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026 թվականի հունվարի 8 - ի դրությամբ երկաթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան է ներմուծվել 8 485 տոննա ռուսական հացահատիկ, ճանապարհին է ևս 4 103 տոննա, ինչպես նաև 7 600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6 100 տոննա բենզին և 1 500 տոննա դիզելային վառելիք: Ինչպես արդեն նշեցի, նախորդ ամսվա գների համեմատ սպասվում է բենզինի և դիզելային վառելիքի մեկ լիտրի գնանկում 80 դրամով: Ուրախ եմ տեղեկացնել, որ այս իրադարձությունների հետ կապված նավթամթերքի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունները նույնպես աշխատում են գների իջեցման ուղղությամբ", - հայտարարել Է նախարարը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանից երկաթուղով Հայաստան էր ժամանել նավթամթերք փոխադրող գնացքը: