
Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կանխատեսումների համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի շահույթը 2026 թվականին կկազմի 12,7 մլրդ դրամ։ Միայն Աստված գիտի, թե ինչի վրա են հիմնված այդ հաշվարկները: Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նրա խոսքով՝ ընթացիկ տարում կայանը 150 օր կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման եւ վառելիքով վերալիցքավորման համար: Նախորդ տարի Հայկական ԱԷԿ-ը պարապուրդի է մատնվել 30-45 օր, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ը նրա շահույթը գնահատել է 189 մլն դրամ։ "Անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպես 150 օր պարապուրդի դեպքում կայանի շահույթը պետք է կազմի 12,7 մլրդ դրամ, իսկ 30-45 օրվա դեպքում՝ ընդամենը 189 մլն դրամ ։ Ես այս թեմայի վերաբերյալ ունեմ իմ մեկնաբանությունները, բայց ավելի լավ կլինի, եթե պարզաբանումների համար դիմեք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով",- ասել է ընկերության նախկին ղեկավարը։
Նա նաև կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ճշտել այն հարցը, թե ինչու են հետաձգվել Երևանի ՋԷԿ-ի և "Հայաստանի բարձրավոլտ ցանցեր" ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների փակման ժամկետները: Այդ պարտավորությունները, ինչպես նշել է Ղազինյանը, պետք է փակվեին ընթացիկ տարում։ Պատասխանը նախկին գլխավոր տնօրենը պայմանավորում է երկու պատճառով. կամ պետությունը պետք է սուբսիդավորի վարկային պարտավորությունների մարումը, կամ էլ պետք է բարձրացվեն էլեկտրաէներգիայի սակագները:
Նշենք, որ 2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը կմտնի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրի իրականացման ակտիվ փուլ։ Այդ նպատակներին կուղղվի 165 մլն դոլար, որը խնայվել է առաջին ծրագրի իրականացման ընթացքում։ Դրանով էլ բացատրվում է ՀԱԷԿ-ի կանգնեցման տևողությունը։ Նախագծի շրջանակներում կիրականացվեն ռեակտորի հովացման համակարգերի, անվտանգության համակարգերի, գլխավոր շրջաբերական պոմպերի արդիականացման և այլ աշխատանքներ։ Նախատեսվում է, որ նախագծի իրականացումից հետո բլոկը կկարողանա աշխատել մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետը երկրում պետք է կառուցվի նոր ատոմային բլոկ։