
Արմինֆո. Սահմանադրական իրավունքի ոլորտի փորձագետ, "Մեր ձեւով" շարժման ներկայացուցիչ Գոհար Մելոյանը բարձրացրել է մի շարք հարցեր՝ կապված «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման հետ:
Facebook-ի իր էջում Փորձագետը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ բանակցություններ է վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP Route) կապի նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։
«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ստեղծվելու է «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, որը ստանալու է՝ երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։
Սակայն առկա են բազմաթիվ հարցեր. ինչպիսին է լինելու նշված ընկերության կորպորատիվ կառուցվածքը, ինչպես և ինչ պայմաններում են կարգավորվելու այդ ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները։
Փորձեմ ներկայացնել հադցադրումների փոքրիկ խումբ.
1․Արդյո՞ք հիմնադրվելու է նոր իրավաբանական անձ՝ քաղաքացիական իրավունքի առանձին սուբյեկտ, որին կտրվի Սյունիքի մարզով անցնող ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման իրավունքը, թե նոր իրավաբանական անձ չի ստեղծվի, և աշխատանքները կազմակերպվելու են հայ-ամերիկյան համատեղ գործունեության պայմանագրի (joint venture) միջոցով՝ առանց առանձին իրավաբանական անձ կազմավորելու։
2․Եթե ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, ապա որտե՞ղ է այն գրանցվելու՝ Հայաստանու՞մ, ԱՄՆ որևէ նահանգու՞մ (օրինակ՝ Դելավերում), թե՞ որևէ երրորդ երկրում, և ինչ կազմակերպաիրավական ձև կունենա՝ բաժնետիրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ այլ։
3․Արդյո՞ք այդ իրավաբանական անձի սեփականատերերը լինելու են միայն հայկական և ամերիկյան կողմերը, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։
4․Եթե առանձին իրավաբանական անձը չի ստեղծվում, ապա joint venture-ը հիմնադրվելու է միայն հայկական և ամերիկյան կողմերի միջև, թե հնարավոր է նաև երրորդ կողմի մասնակցություն։
5․Ինչպե՞ս են բաժանվելու այդ իրավաբանական անձի բաժնետոմսերը (փայաբաժինները)։ Այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ ինչպե՞ս են սահմանվելու շահույթի բաշխման մանրամասները՝ արդյո՞ք շահույթը կբաշխվի ըստ փայաբաժինների։
6․Արդյո՞ք այդ ընկերության բաժնետերերը իրավունք օտարել իրենց փայաբաժինը առանց մյուս կողմի համաձայնության:
7․Ինչպե՞ս են սահմանվելու կառավարման մյուս հարցերը, օրինակ՝ գլխավոր տնօրենի նշանակման ու հեռացման հարցերը։ Նույն հարցերն առկա են joint venture-ի դեպքում։
8․Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է հարկեր ՀՀ պետական բյուջեին իր ստացած շահույթից, այն է՝ ենթակառուցվածքների շահագործումից, ինչպես ՀՀ-ում աշխատող ցանկացած այլ ընկերություն։
9․Ո՞վ կլինի այդ իրավաբանական անձի սեփականատերը ԱՄՆ կողմից։ Որոշակի ուսումնասիրություն կատարելուց հետո չհանդիպեցին դեպքեր, երբ ԱՄՆ կառավարությունը, ի տարբերություն ՀՀ կառավարության, անձամբ հիմնադրի որևէ իրավաբանական անձ կամ մասնակցի որևէ joint venture-ում։ Արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը հանդես կգա ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC)-ի միջոցով, թե որևէ մասնավոր ներդրումային ֆոնդի՝ BlackRock-ի, Vanguard-ի կամ այլի։
10․Ի՞նչ իրավական ակտերով է տրվելու այդ ընկերությանը կամ joint venture-ին ենթակառուցվածքների զարգացման և շահագործման իրավունքը, ի՞նչ ժամկետով, և արդյո՞ք այդ մասով կնքվելու է առանձին կոնցեսիոն պայմանագիր ՀՀ կառավարության և նշված «TRIPP Company»-ի միջև։ Որո՞նք են լինելու այդ պայմանագրի հիմնական պայմանները։
11․Արդյո՞ք այդ ընկերությունը վճարելու է Հայաստանի Հանրապետությանը որևէ գումար՝ ՀՀ ենթակառուցվածքները վարձակալելու դիմաց, թե Հայաստանի Հանրապետության տարածքը այդ իրավաբանական անձին կամ joint venture-ին տրվելու է անհատույց՝ ենթակառուցվածքներ զարգացնելու պայմանով: