
Արմինֆո. "Ագրոտեխ" (AGROTEESH) ընկերությունը՝ Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և գյուղատնտեսական արտադրության համար ապրանքների և տեխնոլոգիաների խոշորագույն մատակարարներից մեկը, դուրս է եկել կորպորատիվ փոխառու պարտավորությունների շուկա, հայտարարելով 600,000,000 ՀՀ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին' հետագա աճի ծրագրով: Որպես թողարկման շուկայավար հանդես է գալիս CUBE INVEST ներդրումային ընկերությունը։
Նշենք, որ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն, մեկ արժեթղթի անվանական արժեքը կազմում է 100 հազար ՀՀ դրամ: Թողարկվել է 6 հազար արժեթուղթ՝ 36 ամիս շրջանառության ժամկետով ։ Արժեկտրոնային տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 13%: Արժեկտրոնային վճարումները կիրականացվեն 3 ամիսը մեկ անգամ: Թողարկման ամսաթիվը սահմանվել է 2025 թվականի դեկտեմբերի 17 - ը, մարման ամսաթիվը՝ 2028 թվականի դեկտեմբերի 17-ը:
Ընկերությունն իր պարտքային արժեթղթերով դուրս է գալիս հանրային շուկա ուղղակի վաճառքի միջոցով: Կազմակերպված բորսային շուկա դուրս գալու մասին որոշում դեռ չի կայացվել, ինչպես նաև՝ շուկայաստեղծի հետ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Ելնելով դրանից, ամենայն հավանականությամբ, CUBE INVEST-ն արդեն որոշել է հիմնական "խարսխային ներդրողներին"՝ ի դեմս ֆինանսական կազմակերպությունների եւ ներդրումային ընկերությունների։
CUBE INVEST ներդրումային ընկերության կայքում զետեղված թողարկման ազդագրի համաձայն, պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներն ուղղվելու են հումքի, նյութերի գնմանը, անհրաժեշտ ծավալներով դրանց պահպանմանը, ինչպես նաեւ արտադրանքի տեսականու ընդլայնմանը: Նշվում է, որ ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարության շնորհիվ ինտենսիվ գյուղատնտեսությունը ներդրողների համար դարձել է շատ գրավիչ բիզնես: Ամեն տարի ստեղծվում են նոր ֆերմաներ, որոնք ընկերության հնարավոր հաճախորդներն են: Այսպես, մոտ ապագայում երկրում շահագործման կհանձնվեն 50 հա ընդհանուր մակերեսով նորարարական տեխնոլոգիաներով հագեցած մի քանի խոշոր ջերմոցային տնտեսություններ, որոնց ճնշող մեծամասնությունը AGROTEСH ընկերության հաճախորդներն են: Լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավումն անհրաժեշտ է կանխատեսվող բարձր պահանջարկը բավարարելու և ապրանքների ու տեխնոլոգիաների անխափան մատակարարումն ապահովելու համար:
Համաձայն ընկերության 2025թ. առաջին 6 ամիսների ֆինանսական հաշվետվությունների ՝ «Ագրոտեխ» ՍՊԸ ընդհանուր ակտիվները կազմել են 4,023,793 հազար դրամ՝ 3,029,012 հազ.դրամի դիմաց (2025թ. սկզբին), որից 912,334 հազ. դրամը ՝ հիմնական միջոցներ: Ընկերության սեփական կապիտալի չափը 30․06․2025թ. դրությամբ կազմել է 1,146. 792 հազ. դրամ ՝ 6 ամսում աճելով 58,488 հազ. Դրամով, հիմնականում, չբաշխված շահույթի հաշվին, որը կազմել է 575,107 հազ. դրամ: Ընթացիկ պարտավորությունների չափը կազմել է 2,144,407: Ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա 6 ամիսների ընթացքում կազմել է 142,281 հազար դրամ:
Նշենք, որ "Ագրոտեխ" ՍՊԸ կանոնադրական կապիտալի չափը կազմում է 134,000 հազ.դրամ, որպես բաժնետեր հանդես են գալիս Հարություն Առաքելյանը' 81% բաժնեմասով, և Նաիրա Խաչատրյանը' 19% բաժնեմասով:
Նշենք, որ ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկից ստացել է 1,000,000,000 ՀՀ դրամի թողարկման իրավունք ,սակայն որոշում է կայացվել առայժմ շուկա դուրս գալ 600,000,000 ՀՀ դրամ առաջին տրանշով: