
Արմինֆո. EFPA–Հայաստան ծրագրի հերթական միջոցառման շրջանակում Հայաստանի բանկերի միության և EFPA-ի (Financial Planning Association) միջև ստորագրված հուշագրով մեկնարկել է նոր՝ EFPA մասնաճյուղի կառավարիչ միջազգային որակավորման ծրագիրը։
ՀԲՄ հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում, ի լրումն ֆինանսական խորհրդատուների համար արդեն գործող ՝ EIA, EIP, EFA, EFP և ESG միջազգային որակավորումների, ֆինանսաբանկային համակարգի աշխատակիցներն այսուհետ հնարավորություն կունենան ստանալու նաև Branch Manager միջազգային որակավորում։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ինչպես նաև EFPA Europe-ի փոխնախագահ Պիտեր Ասմուսենը և EFPA Luxembourg-ի նախագահ Ռոջեր Հ. Հարթմանը։
Իր ելույթում Դանիել Ազատյանն ընդգծել է միջազգային որակավորումների կարևորությունը ֆինանսական համակարգի կայուն զարգացման, մասնագիտական կարողությունների բարձրացման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, իր հերթին, կարևորել է ֆինանսական ոլորտում շարունակական մասնագիտական կրթության և միջազգային ստանդարտների ներդրման դերը։
Միջոցառմանը ներկայացվել են նաև EFPA–Հայաստան ծրագրի շրջանակում իրականացված որակավորումները և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ներկայացմամբ հանդես են եկել ծրագրի համակարգող Զառա Բոստանջյանը և EFPA-ի ներկայացուցիչ Պատրիկ Լյուվալդորը։ EFPA միջազգային որակավորման դասընթացների կառուցվածքն ու փուլերը ներկայացրել է Երևանի բիզնես դպրոցի հիմնադիր Վահագն Ոսկանյանը։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել EFPA ծրագրի շրջանավարտների հավաստագրերի հանձնման արարողությունը (European Investment Assistant և ESG Advisor որակավորումներ), որը ևս մեկ անգամ ընդգծել է ծրագրի գործնական արդյունքները և մասնագիտական համայնքի ձևավորման կարևորությունը։
Հայաստանի բանկերի միությունն ու EFPA-ն վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական համակարգում միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների որակավորմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։