Երեքշաբթի, 13 Հունվարի 2026 16:08
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ

Արմինֆո.Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։

 

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ», – ընդգծել է նախարարը։

 

Նա նաև անդրադարձել է պետական աջակցության այն գործիքակազմին, որոնցից կարող են օգտվել ընկերությունները՝ նման ծրագրերի իրականացման և ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։

 

Հանդիպման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ և անդրադարձել գործարար համայնքին հուզող մի շարք թեմաների։