
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գերմանիայում ընթացող Պարենի և գյուղատնտեսության Global Forum for Food and Agriculture (GFFA) միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուքուրովի հետ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը ՝ կարևորելով ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից և կայուն մոտեցումները գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, կլիմայական մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ զարգացման ապահովման համատեքստում:
Բացի այդ, նրանք քննարկել են ագրարային ոլորտին վերաբերող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2025թ. հունվար-սեպտեմբերին աճել է 5% - ով՝ կազմելով 686.5 մլրդ դրամ։
GFFA ֆորումը ծառայում է որպես հարթակ՝ քննարկելու գյուղատնտեսության և պարենային անվտանգության գլոբալ մարտահրավերները, ներառյալ ՝ կայուն և մատչելի սննդի ապահովումը բոլորի համար, գյուղատնտեսության նորարարական մոտեցումների մշակումը, կլիմայի փոփոխություններին հարմարվելը, ագրոոլորտում միջազգային համագործակցության ամրապնդումը:
GFFA-ն հավաքում է հազարավոր մասնակիցների ողջ աշխարհից՝ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, գիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Համաժողովը ներառում է լիագումար քննարկումներ, փորձագիտական քննարկումներ, թեմատիկ նստաշրջաններ և այլ միջոցառումներ: