
Արմինֆո. Ռուսաստանահայ հայտնի գործարար, բարերար, «Տաշիր» ԸԽ ղեկավար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, ով նախօրեին գրանցել է "Ուժեղ Հայաստան" քաղաքական կուսակցությունը, բաղկացած է 5 առաջնահերթ քայլերից, որոնց շուրջ կառուցվելու է նոր քաղաքական ուժի տնտեսական գործունեությունը:
Հունվարի 20-ին կայացած միջոցառման ընթացքում "Տաշիր" ընկերությունների խմբի փոխնախագահ, "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ այդ քայլերը հետապնդում են հետեւյալ նպատակները․ աշխատատեղերի ստեղծում մարզերում, հարկային արտոնություններ փոքր բիզնեսի համար, դեղորայքի էժանացում, երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովում եւ գյուղատնտեսության զարգացում:
Այդ ծրագիրը, նրա խոսքով, կիրականացվի 5 տարվա ընթացքում, իսկ լուրջ փոփոխություններն արդեն նկատելի կլինեն երկրորդ տարվանից։ Որպես առաջին քայլ Կարապետյանը նշել է մարզերում 300 հազար աշխատատեղերի ստեղծումը։
«Երկրի մարզերում ամենապահանջվածը աշխատանքն է: Դրա պատճառով մարդիկ դուրս են գալիս գյուղերից, լքում են իրենց տներն ու ընտանիքները՝ գումար վաստակելու նպատակով, ինչը խորացնում է ժողովրդագրական խնդիրները, ազդում ծայրահեղ աղքատության մակարդակի վրա և այլն։ Այդ հարցերը լուծվում էին, հիմնականում, պետության կողմից թիրախային սուբսիդավորման միջոցով, ինչի արդյունքում մենք տեսնում ենք արդյունաբերության, արտադրության շարունակական անկում մարզերում։ Իսկ Երեւանում տնտեսությունը զարգանում է վարկավորման հաշվին, բայց միայն երկարաժամկետ կտրվածքով չի կարող պահպանել այդ տեմպերը", - նշել է Կարապետյանը։
Աշխատատեղերը, ինչպես պարզաբանել է նա, կստեղծվեն երկրի շրջաններում ինդուստրալիզացման, վերաինդուստրալիզացման քաղաքականության շնորհիվ ։ Մասնավորապես, համակարգողը պատմել է, որ կստեղծվեն արդյունաբերական ձեռնարկություններ Չինական արտահանման ընկերության հետ համագործակցության միջոցով, որը պատրաստ է ֆինանսավորել նախագծի 70 տոկոսը, եթե, օրինակ, արտադրության գործարկման համար սարքավորումները գնվեն Չինաստանից: Պետության ֆինանսավորման մասնաբաժինը կկազմի 15 տոկոս, նույնքան էլ բաժին կհասնի ներդրողներին։ Ընդ որում, Կարապետյանը նշել է, որ 15 տոկոս ներդնելով, պետությունը կվերադարձնի ներդրումների 100 տոկոսը ։ Ավելին, արդյունաբերության մեջ ներդրված միջոցները վերադարձվում են պետությանը ՝ հարկերի տեսքով ծախսված միջոցների 12-13 տոկոսի չափով։ Այսինքն, ինչպես նշել է նա, պետությունը նախագծի իրականացման համար միջինը ծախսում է ընդամենը 2 տոկոս։ Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքի համար իրենք զարգացման ծրագիր ունեն։ Որպես հաջորդ քայլ նա նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելը։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են փոքր բիզնեսի 69 հազար տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ապահովում են հարկային մուտքերի ընդամենը 2-3 տոկոսը։ «Մենք պետք է փոքր բիզնեսն ազատենք հարկերից, որպեսզի նրան զարգանալու հնարաավորություն տանք: Ինչու՞ ենք այդպես ասում։ Որովհետեւ միայն անցյալ տարի 3 հազար փոքր ընկերություններ փակվեցին շրջանառության հարկը 5 տոկոսից մինչեւ 10 տոկոս բարձրացնելու պատճառով։ Միակ բանը, որի վրա պետք է աշխատենք, այն է, որ միջին բիզնեսը մի քանի փոքր բիզնեսի չվերածվի ՝ հարկումից խուսափելու համար ։ Հետևաբար, այստեղ վարչարարության հետ կապված հարցեր կան։ Սակայն մենք կարիք չունենք հարկելու փոքր բիզնեսը", - ընդգծել է նա, նկատելով, որ նման քաղաքականության շնորհիվ Հայաստանում տարեկան մինչեւ 3 հազար նոր փոքր բիզնեսի սուբյեկտ կբացվի։
Սամվել Կարապետյանի հաջորդ քայլը դեղագործության ոլորտում վրացական փորձի կիրառումն է, մասնավորապես, անցումը ERP համակարգի, որը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, օպտիմալացնել գնումները, նվազեցնել գործառնական ծախսերը և այլն, ինչը, արդյունքում, կհանգեցնի Հայաստանում դեղորայքի արժեքի 20% - ով նվազման: 5-ամյա ծրագրի մեկ այլ կարևոր բաղադրիչ է լինելու մարզերում գյուղմթերքի մթերման կայանների ստեղծումը, որը գյուղացիների համար կհեշտացնի բերքի իրացման հարցերը, ինչպես նաև կապահովի պարարտանյութ:
Այս կայանը տարեսկզբին պայմանագրեր կկնքի գյուղմթերք ձեռք բերել ցանկացող ընկերությունների և այն տրամադրող ֆերմերների հետ։ Այսինքն, ինչպես նշել է Կարապետյանը, կայանը միջնորդ կդառնա գյուղացու և գործարարի միջև։ "Դա հայկական գյուղերի փոփոխության ճանապարհն է", - ընդգծել է նա։ Եվ որպես եզրափակիչ կետ «Մեր ձեւով» շարժման համակարգողը նշել է երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Հաշվի առնելով Հայաստանում աշխատավարձերի եւ բնակարանների արժեքի հսկայական տարբերությունը' "Ուժեղ Հայաստանը" առաջարկում է ներդրումային ծրագրի իրականացում շինարարական ընկերությունների հետ, որոնք պետության կողմից հողի, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի անհատույց տրամադրման դիմաց պարտավորվում են երիտասարդ կամ բազմազավակ ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովել: Այսինքն ՝ կամ պետական աջակցության դիմաց շինարարական ընկերությունները «կվճարեն» կառուցված բնակարաններով, որոնք հետո պետությունը շահառուներին կտրամադրի ցածր գնով, կամ էլ նրանք պարտավորվում են ինքնուրույն իրացնել այդ բնակարանները, բայց՝ պետության հայտարարած արժեքով։
«Գիտե՞ք Սամվել Կարապետյանի առաջարկներն ինչով են տարբերվում Նիկոլ Փաշինյանի ասածից։ Նրանով, որ Սամվել Կարապետյանն անում է այն, ինչ ասում է», - ամփոփել է նա։