Երեքշաբթի, 20 Հունվարի 2026 18:50
Ալինա Հովհաննիսյան

Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան

Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան

Արմինֆո. Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Նման կարծիք է հայտնել "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ հունվարի 20-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ռուսաստանահայ գործարար, բարերար, «Տաշիր» ԸԽ ղեկավար Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ներկայացմանը, ով նախօրեին գրանցել էր "Ուժեղ Հայաստան" քաղաքական կուսակցությունը:

 

Այդ առնչությամբ նա նշել է Թուրքիայի տարածքով եվրոպական շուկայի ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները։ «Այսինքն, դա մեզ թույլ կտա շատ արագ բեռնափոխադրումներ իրականացնել դեպի Հունաստան, Եվրոպա ՝ մեր մշակութային գոտի։ Ամեն դեպքում, մենք եվրոպական քրիստոնեական մշակույթի մի մասն ենք, թեկուզ՝ որոշ տարբերություններով», - նշել է Կարապետյանը։

 

Միաժամանակ, նա ընդգծել է, որ անկախությունը պետությանը տալիս է սեփական շուկան կառավարելու գործիքակազմ, և կարևորել ինքնիշխան քաղաքականությունը: «Ինքնիշխան քաղաքականությունը պետք է թույլ տա ներքին մեխանիզմներով զսպել ազգային շահերի բախման հետ կապված խնդիրները: Թուրքերի հետ համագործակցելիս մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի լիովին չընկնենք նրանց տնտեսական ազդեցության տակ, ինչից կարող է լրջորեն տուժել մեր գյուղատնտեսությունը, և տեղի չտանք նրանց մշակութային նարատիվներին, որոնք առաջ են քաշվում որոշակի շրջանակների կողմից", - ասել է նա։

 

Շարժման համակարգողը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Թուրքիայում մեծ փոփոխություններ կլինեն, և ժողովուրդների միջև հարաբերությունները կբարելավվեն, իսկ հարևանների միջև ծագող խնդիրները կլուծվեն արդարացիորեն: "Եթե մենք պետք է ապրենք միմյանց կողքի, իսկ այլընտրանք չկա, ապա պետք է լավ հարաբերություններ ունենալ, գիտակցելով, որ կիսում ենք ընդհանուր տարածաշրջանը, եւ հաշվի առնել նրա շահերը", - ասել է Կարապետյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան վերականգնում է Հայաստանի հետ սահմանին գտնվող "Ալիջան" անցակետը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Երևանի և Անկարայի միջև համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ 2022 թվականի ամռանը։