Ուրբաթ, 23 Հունվարի 2026 11:44
Ալինե Գրիգորյան

Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները

Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները

Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

 

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով նաև Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների հնարավորությունը որպես մարդկային կապերի ամրապնդման միջոց։

 

Նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը, որի շրջանակում ռազմավարական համագործակցության օրակարգն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններ։

 

Դեսպան Ալեքսանդրա Քոուլը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին կընդլայնվեն ու կզարգանան՝ նպաստելով գործընկերության ամրապնդմանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիբրիդային մարտահրավերների համատեքստում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ գործողությունների հնարավորություններին։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցերի կազմակերպման, ինստիտուցիոնալ ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով փորձի փոխանակման վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսի 12-ից ուղիղ չվերթներ է գործարկում Երևան-Լոնդոն երթուղով։