
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում ամեն օր ուղիղ եթերում ռազմաճակատից ներկայացնում էր օպերատիվ ամփոփագիր և պատասխանում լրագրողների հարցերին՝ հայտարարելով "հաղթելու ենք":
«Ստոկհոլմի արբիտրաժը վերահաստատել է ամռանը կայացրած որոշումը, որտեղ պարտավորեցնում է Հայաստանի կառավարությանը զերծ մնալ ՀԷՑ-ի դեմ որևէ քայլից:
Սպասում ենք Հայաստանի կառավարության օրինապահ վարքագծին, այն է` ՀԷՑ-ի դեմ քայլերի անվերապահ դադարեցմանը:
Որոշման վերաբերյալ մասնագիտական պարզաբանումը շուտով կներկայացնենք միջազգային փաստաբանական խմբի հայտարարությամբ», - ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ուորում ասվում է․ «Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։
Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։
Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 22-ին Ստոկհոլմի առեւտրի պալատին առընթեր արբիտրաժը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ "Էներգետիկայի մասին" եւ "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" օրենքներում խորհրդարանի ընդունած փոփոխությունների կիրառումից, ինչպես նաեւ ՀԷՑ-ի ակտիվների առգրավմանն ուղղված հետագա ցանկացած քայլից: Արբիտրաժը հանգել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է կիրառել պաշտպանության հրատապ միջոցներ, քանի որ Հայաստանի Հանրապետության գործողությունները "լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի պահպանման հարցում":
2025 թվականի հուլիսի 29-ին Liormand Holdings Limited-ը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը կրկին դիմել են Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնակարգի համաձայն նշանակված արտակարգ արբիտրին ՝ խնդրելով արտակարգ արբիտրի 2025 թվականի հուլիսի 22-ի իրավարար վճիռը լրացնել հետևյալ բովանդակությամբ. 1․հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նշված իրավարար վճիռը կատարելու իրավական պարտավորություն; 2. պարտավորեցնել Հայաստանին վերականգնել ստատուս-քվոն, որը գոյություն ուներ հայցվորների առաջին դիմումը ներկայացնելու պահին (2025թ. հուլիսի 16), 3. պարտավորեցնել Հայաստանին տեղեկացնել արտակարգ արբիտրին և հայցվորներին Իրավարար վճռի կատարման բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոյի վերականգնումը), ինչպես նաև հաստատել ժամանակավոր միջոցների կատարումը արտակարգ արբիտրի կողմից սահմանված ժամկետում(ներ) ում:
2025 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրը ամբողջությամբ մերժել է հայցվորների հայցը ՝ կապված սկզբնական հայցի նկատմամբ նոր պահանջներ ներկայացնելու հետ, և որ իր իրավասությունն ու լիազորությունները չեն տարածվում հայցվող միջանկյալ միջոցների վրա:
2025 թվականի օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը պաշտոնապես նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժային վարույթ ՝ Հայաստանի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու ՀԷՑ ՓԲԸ-ի ունեզրկման համար:
Liormand Holdings Limited և այլոք ընդդեմ ՀՀ արբիտրաժային գործում Հայաստանի շահերը պաշտպանելու համար, որը վարում է Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտը (SCC արբիտրաժային ինստիտուտ), կառավարությունը նախ վարձել է Ամերիկյան Arnold & Porter իրավաբանական ընկերությունը, այնուհետև այն փոխարինել է Foley Hoag LLP-ով (նույնպես ամերիկյան)։ Նշվում էր, որ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ստեղծված իրավիճակում նա համաձայնել է ծառայություններ մատուցել նույն գնով, ինչ Arnold & Porter-ը (Նախկինում Arnold & Porter-ը նշված գործում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու համար պահանջել է 3,250,000 ԱՄՆ դոլար, որը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագետների հոնորարները, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանության և տպագրության ծախսերը, ինչպես նաև այլ ծախսեր (Տրանսպորտային և կեցության ծախսեր) և այլն):
Հիշեցնենք, որ 2015 թվականին ռուսական "Ինտեր ՌԱՕ ԵԷՍ" ընկերությունը որոշել էր վաճառել Հայաստանում իր էլեկտրաէներգետիկ ակտիվները, այդ թվում ՝ ՀԷՑ-ը։ Գնորդը Liormand Holdings Limited ընկերությունն է, որը ձեռք է բերել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության բաժնետոմսերի 30% - ը, իսկ մնացած 70% - ը գնել է "Տաշիր Կապիտալ" ընկերությունը: