
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ԱՄՆ Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովի աշխատակազմի մասնագիտացված անդամ Էնդրյու Փլաթին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները։
Նախարարի տեղակալն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ՝ էներգետիկայի բնագավառի ծրագրերի կասեցումից հետո նոր աջակցության ծրագրեր նախաձեռնելու կարևորությանը՝ հաշվի առնելով 2025 թվականին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին Փոխըմբռնման հուշագրի ընձեռած հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախորդ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ամերիկյան կողմի հետ ստորագրել է մտադրությունների մասին երեք հուշագիր, որոնցից մեկը ներառում է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունը: Վերջինս ենթադրում է համագործակցության 4 ուղղություն․ քաղաքացիական ոլորտում միջուկային էներգետիկայի հարցերով՝ ներառյալ փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաները; ներդրումների խթանում ՝ կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների ամրապնդման համար՝ ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրների համար կուտակիչ մարտկոցների արտադրության կայանների զարգացումը; Հայաստանի էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման ցանցերի արդիականացման գործում ներդրումների խթանում, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքի կիբեռանվտանգության բարձրացում, այդ թվում ՝ տեխնիկական աջակցության միջոցով: