
Արմինֆո. Զվարթնոց միջազգային օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր՝ երկու անվանակարգում․ Լավագույն օդանավակայան Եվրոպայում (Best Airport in Europe) եւ Ամենանվիրված անձնակազմ (Most Dedicated Staff): Այդ մասին հաղորդում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«ASQ Customer Experience Awards»-ը ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից է, որը շնորհվում է «Airports Council International World» միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։
Նշենք, որ Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը շահագործում է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն՝ 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրի հիման վրա, որը կնքվել է ՀՀ կառավարության հետ 2001 թվականին: Ընկերությունը կառավարում է նաև Գյումրիի "Շիրակ" օդանավակայանը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ օդային ուղևորափոխադրումները 2025 թվականին աճել են 6,7%-ով (2024թ. - ի 0,4% անկման դիմաց) ՝ կազմելով 5 755,7 հազար մարդ։