
Արմինֆո.Համաշխարհային Բանկը (ՀԲ) բարելավել է Հայաստանի 2026-2027թթ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,9-4,7%-ից հասցնելով 5,3-5,1%-ի (ի հակադրություն 2025թ. աճի փաստացի արագացման՝ 5,9%-ից մինչև 7,2% - Խմբ.): Այս մասին նշվում է ապրիլի 8-ին հրապարակված ՀԲ «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական ակնարկ. Արդյունաբերական քաղաքականություն» (Europe & Central Asia Economic Update. Industrial Policy) զեկույցում:
Ընդ որում, Հայաստանի հարևան երկրներում, ՀԲ նոր կանխատեսման համաձայն, 2026-2027թթ. ՀՆԱ-ի աճը համեմատաբար ավելի համեստ կլինի. Ադրբեջանում՝ 2-1,8% (2025թ. փաստացի 1,4% աճի դիմաց), Վրաստանում՝ 5-5,5% (2025թ. փաստացի 7,5% աճի դիմաց), Թուրքիայում՝ 2,8-3,7% (2025թ. փաստացի 3,6% աճի դիմաց):
Հարավային Կովկասի տարածաշրջանի համար (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ՀԲ-ն կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում 2026 թվականին մինչև 3,4% (2025թ. 3,9%-ից)՝ պահպանելով այդ տեմպերը 2027 թվականին:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանում, ՀԲ կանխատեսմամբ, տնտեսական աճը 2026-2027թթ. կդանդաղի մինչև 2,1-2,3% (2025թ. 2,6%-ից), իսկ առանց Ռուսաստանի Դաշնության հաշվառման՝ աճի դանդաղումն այս տարածաշրջանում ավելի քիչ նկատելի կլինի՝ մինչև 2,9-3,3% (2025թ. 3,6%-ից):
Ռուսաստանում, ՀԲ կանխատեսմամբ, տնտեսական աճը 2026-2027թթ. կդանդաղի մինչև լճացման մակարդակի՝ 0,8-0,7% (2025 թվականին տեմպերի 4,9%-ից մինչև 1% դանդաղումից հետո): Բելառուսում ևս ՀԲ-ն ակնկալում է տնտեսական աճի դանդաղում 2026-2027թթ. մինչև 1,1-0,8% (2025 թվականին տեմպերի 4,3%-ից մինչև 1,3% դանդաղումից հետո): Միևնույն ժամանակ Ուկրաինայում, ՀԲ կանխատեսմամբ, ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 1,2% (2025 թվականին տեմպերի 3,2%-ից մինչև 1,8% դանդաղումից հետո)՝ 2027 թվականին տեմպերի հետագա զգալի արագացմամբ մինչև 4%:
Զեկույցում նշվում է. «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող տնտեսությունների դիմակայունությունը կրկին փորձության է ենթարկվում. այս անգամ Մերձավոր Արևելքի հակամարտության, աշխարհաքաղաքական լարվածության և առևտրի մասնատման պատճառով: Վերջին տասնամյակի ընթացքում շատ երկրներում արտադրողականության աճի դանդաղումը որոշ քաղաքական գործիչների դրդել է համալրել լայնածավալ կառուցվածքային բարեփոխումները արդյունաբերական քաղաքականության միջոցառումներով: Թեև որոշակի հասցեական քայլեր, ինչպիսիք են նպատակային պետական ներդրումները հատուկ տնտեսական գոտիներում կամ հմտությունների զարգացման ծրագրերը, կարող են օգնել վերացնելու շուկայի հստակ բացահայտված ձախողումները ողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, արդյունաբերական քաղաքականությունը պետք է կիրառվի չափավոր և ժամանակավորապես՝ որպես հավելում այն ինստիտուցիոնալ բարեփոխումների, որոնք անհրաժեշտ են արտադրողականության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման և բիզնեսում դինամիզմի խթանման համար»:
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական աճը կդանդաղի ռիսկերի աճի ֆոնին: Նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսության դիմակայունության բարձրացմանը կարող են նպաստել բարեփոխումները, որոնք ուղղված են առավել դինամիկ մասնավոր հատվածի զարգացմանը: Ընթացիկ տարում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կդանդաղի Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքների, աշխարհաքաղաքական լարվածության և առևտրի մասնատման պատճառով», — ասվում է ՀԲ հրապարակված զեկույցում:
ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ECA) տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելա Բասանին նշել է. «Տարածաշրջանի դիմակայունությունը շարունակում է փորձության ենթարկվել, քանի որ մի շարք երկրներ կախված են բնական գազի, նավթի և պարարտանյութերի ներկրումից: Շատ երկրներում ջանքեր կպահանջվեն ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար, ընդ որում՝ հատուկ ուշադրություն պետք է դարձվի բնակչության առավել խոցելի շերտերի հասցեական աջակցությանը: Տնտեսական քաղաքականության բարեփոխումների շարունակումը, որոնք ուղղված են ձեռնարկությունների աճի ապահովմանը և աշխատատեղերի ստեղծմանը, նույնպես կօգնի մեղմել ճգնաժամի հետևանքները և բարձրացնել տնտեսությունների դիմակայունությունն ու դինամիզմը»:
Կենտրոնական Ասիայում 2026-2027 թվականներին ակնկալվում է աճի դանդաղում՝ միջինը մինչև 4,9%, քանի որ Ղազախստանում նավթի արդյունահանումը կկայունանա: Կենտրոնական Եվրոպայի տնտեսությունը ընթացիկ տարում հավանաբար կաճի մոտ 2,4%-ով, իսկ այնուհետև աճի տեմպերը 2027 թվականին կնվազեն մինչև 2,3%, ընդ որում սպառման անկումը մասնակիորեն կփոխհատուցվի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող պետական ներդրումներով: Արևմտյան Բալկաններում առաջիկա երկու տարում կանխատեսվում է տնտեսության աճ միջինը 3,1%-ով, ինչին կնպաստեն ենթակառուցվածքային ներդրումները և ծառայությունների կայուն արտահանումը: Ուկրաինայում 2026 թվականին տնտեսական աճի տեմպերի անկումը մինչև 1,2% պայմանավորված է ռազմական գործողությունների շարունակմամբ, էներգակիրների գների աճով և պետական ֆինանսների լարվածությամբ: Մերձավոր Արևելքում ձգձգվող և ավելի ինտենսիվ հակամարտությունը մնում է առանցքային ռիսկ, որը կարող է հանգեցնել էներգակիրների և պարարտանյութերի համաշխարհային մատակարարումների լուրջ խափանման, ինչի հետևանքով էներգակիրների և սննդամթերքի գները զգալիորեն կաճեն, իսկ տարածաշրջանում տնտեսական աճը էլ ավելի կդանդաղի»:
Զեկույցի հատուկ բաժնում, որը նվիրված է այն վերլուծությանը, թե ինչպես երկրները կարող են օգտագործել արդյունաբերական քաղաքականությունը տնտեսական աճի արագացման և աշխատատեղերի ստեղծման համար, նշվում է, որ տարածաշրջանի մոտեցումը կշահի առաջնահերթ ուղղությունների ավելի հստակ սահմանումից և այնպիսի միջոցառումների վրա կենտրոնացումից, որոնք նպաստում են ապագա մրցունակության ձևավորմանը, այլ ոչ թե տնտեսության առկա կառուցվածքային թերությունների ամրապնդմանը: Օրինակ՝ ներկայումս արդյունաբերական քաղաքականության բոլոր միջոցառումների գրեթե երկու երրորդը կենտրոնացված է գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության վրա, և միայն 10%-ն է ուղղված բարձր տեխնոլոգիական ոլորտների կամ ներդրումային ապրանքների արտադրության աջակցմանը:
ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվայլո Իզվորսկին նշել է. «Արտադրողականության և զբաղվածության ավելի բարձր աճի հասնելու համար ECA երկրները պետք է կենտրոնանան տնտեսական քաղաքականության լայնածավալ բարեփոխումների իրականացման վրա, որոնք ուղղված են գործարար միջավայրի արդիականացմանը, ձեռնարկատիրության խթանմանը և կրթության որակի բարձրացմանը: Արդյունաբերական քաղաքականության ամենակարևոր տեսակը, որը կարող է օգնել շուկայական մեխանիզմի հստակ բացահայտված ձախողումների վերացմանը, պետական աջակցության նպատակային միջոցառումներն են, ինչպիսիք են արդյունաբերական պարկերի կամ հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը: Սակայն արդյունաբերական քաղաքականության միջոցառումների կիրառումը պետք է լինի զուսպ և կրի միայն ժամանակավոր բնույթ»:
Այն դեպքերում, երբ պետությունը կիրառում է արդյունաբերական քաղաքականություն, զեկույցում հանձնարարվում է այն ուղղել մասնավոր հատվածի նոր ու դինամիկ զարգացող ընկերությունների և նորարարական գաղափարների աջակցմանը, այլ ոչ թե շուկայի գործող մասնակիցների պաշտպանությանը, ինչպիսիք են պետական ձեռնարկությունները, և ընդ որում՝ արդյունաբերական քաղաքականության միջոցառումները պետք է ամրապնդեն, այլ ոչ թե խաթարեն մրցակցությունը:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկն իր մարտյան կանխատեսման մեջ 2026 թվականի համար կանխատեսել էր ՀՆԱ-ի 7,1-4,7% աճ, իսկ 2027 թվականին՝ 5,7-5,3% աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ դեկտեմբերին թարմացված կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5,5%: Fitch Ratings-ը սույն թվականի հունվարին թարմացված կանխատեսմամբ ակնկալում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ՝ 5%-ից բարձր 2026-2027 թվականներին: S&P Global Ratings-ը սույն թվականի փետրվարին թարմացված կանխատեսման մեջ նշել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում 2026 թվականին մինչև 5,3%, իսկ 2027 թվականին՝ մինչև 4,8%, որից հետո 2028 թվականին տեմպերը փոքր-ինչ կկայունանան՝ հասնելով 5%-ի: Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծում ամրագրված է ՀՆԱ-ի 5,4% աճ։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը, 2022 թվականին տեմպերի 5,8%-ից մինչև 12,6% արագացումից հետո, 2023 թվականին դանդաղել է մինչև 8,3%, իսկ 2024 թվականին՝ մինչև 5,9%, ինչից հետո 2025 թվականին տեմպերն արագացել են մինչև 7,2%, և բացարձակ արտահայտությամբ հասել են 11,318 տրլն դրամի (ավելի քան 29,2 մլրդ դոլար): ՀՆԱ-ի դեֆլյատորի ինդեքսը նույնպես, 2022 թվականին 106,9%-ից մինչև 108% աճից հետո, 2023 թվականին նվազել է մինչև 103,1%, իսկ 2024 թվականին՝ մինչև 101,4%, սակայն արդեն 2025 թվականին բարձրացել է մինչև 103,6%: