Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 11:40
Ալինա Հովհաննիսյան

Ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում․ Մխիթար Հայրապետյան

Ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում․ Մխիթար Հայրապետյան

Արմինֆո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Ապագայի տեսլականը» խորագրով TEDxMoskovyanSt ֆորումին, որտեղ իր ելույթում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում պետական քաղաքականությանը, ինչպես նաև գլոբալ տեխնոլոգիական քարտեզում Հայաստանի դիրքավորմանը: 

 

Նախարարի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունն անցում է կատարում դեպի արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի նոր փուլ, որտեղ փոքր երկրները կարող են ստանալ ռազմավարական առավելություն՝ ճիշտ առաջնահերթություններ սահմանելու և ներկայի մոմենտումից օգտվելու դեպքում։ Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանն առանձնացրել է երեք առանցքային ռեսուրս, որոնք վճռորոշ են լինելու փոքր երկրների համար՝ էներգիան, բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորությունները և մարդկային կապիտալը։ 

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարն ընդգծել է, որ ԱԲ դարաշրջանում Հայաստանի հաջողությունը կախված է այս երեք ռեսուրսների համաժամանակյա և հետևողական զարգացումից։ Նրա գնահատմամբ՝ ճիշտ ռազմավարության դեպքում Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում և դառնալ մրցունակ խաղացող՝ ձևավորվող նոր տնտեսական իրականությունում։

 

Նշենք, որ TEDx "Ապագայի տեսլական" ֆորումը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Երեւանում: Միջոցառման հիմնական նպատակն է համախմբել տարբեր ոլորտների փորձագետներին և ակտիվ մասնակիցներին, ոգեշնչել նրանց ստեղծել նոր գաղափարներ և լուծուամներ, ինչպես նաև խթանել երկխոսությունը տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային փոփոխությունների շուրջ: Համաժողովին մասնակցում էին գործարարներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, ստարտափների հիմնադիրներ, ընկերությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ, ովքեր կիսում էին իրենց տեսակետները հասարակության, բիզնեսի և նորարարությունների զարգացման վերաբերյալ: Բանախոսների թվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը, DataArt ընկերության համահիմնադիր Իշխան Մարգարյանը, Doping Creative Advertising-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Սիմոնյանը և Armenian Card-ի տնօրենների խորհրդի անդամ Իրինա Սեյնալյանը: