Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:15
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերը նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ՝ փոխշահավետ և հավասարակշռված հիմքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։

 

Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանում գործող պետական աջակցության գործիքները, որոնք հասանելի են նաև Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այդ թվում՝ վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում, ներդրումների խթանման ծրագրեր, արտահանման աջակցության մեխանիզմներ, արտադրանքի սերտիֆիկացման աջակցություն և այլ ոլորտային գործիքներ։

 

Կողմերը գործակցության հեռանկարային ուղղություններ են դիտարկել առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, թվայնացման, թեթև արդյունաբերության, ագրոպարենային ոլորտի և վերամշակման բնագավառներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ղազախստանից ցորենի ներմուծման ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման նպատակով։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 6,3% - ով ՝ կազմելով 115,9 մլն դոլար: Ընդ որում, արտահանման մատակարարումների ծավալներն աճել են 4,6% - ով ՝ մինչև 82,5 մլն դոլար՝ ներմուծման 10,7%  կամ մինչև 33,4 մլն դոլար աճի ֆոնին:

 

2025 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների դրական զուտ հոսքի առումով երրորդ տեղում Ղազախստանն է՝ 54.5 մլն դոլար (20.8 մլրդ դրամ ՝ տարեկան 2,5 անգամ աճով), և, եթե նախկինում դրանք ամբողջությամբ ներկայացնում էին ՕՈՒՆ, ապա այժմ վերջիններիս մասնաբաժինը չնչին է ։ Ղազախստանը ներդրումները, հիմնականում, ուղղել է մետաղական հանքաքարի արդյունահանմանը, որտեղ նախկինում չի ներդրվել, իսկ մնացած ծավալը, ինչպես եւ նախկինում, բաժին է ընկել իրավունքի եւ հաշվապահական հաշվառման բնագավառին։