
Արմինֆո. Կառավարությունը կաջակցի ֆերմերներին մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու հարցում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեսաուղերձով։
Նա պարզաբանել է, որ նման անհրաժեշտություն առաջացել է աշխարհաքաղաքական իրադարձությունների պատճառով ողջ աշխարհում պարարտանյութերի գների բարձրացման ֆոնին։
Ըստ այդմ, պետությունը պատրաստ է սուբսիդավորել ծախսերի մի մասը՝ մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր 50 կգ պարարտանյութի համար (ինչպես ազոտական, այնպես էլ ֆոսֆորային, կալիումային):
«Եթե, օրինակ, պարարտանյութի շուկայական արժեքը լինի 11 հազար դրամ, պետությունը կծածկի 3 հազար դրամը, և գյուղացու համար այն կարժենա 8 հազար դրամ: 11.5 հազար դրամի դեպքում սուբսիդիան նույնպես կկազմի 3 հազար դրամ, իսկ 10.5 հազար դրամի դեպքում՝ 2.5 հազար դրամ", - պատմել է Պապոյանը։
Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ համապատասխան ծրագիրը կընդունվի կառավարության առաջիկա նիստում: