
Արմինֆո.Հայաստանում որոշ շրջանակներ և լրատվամիջոցներ փորձում են տպավորություն ստեղծել, թե երկիրը Ռուսաստանի հետ ինչ-որ տնտեսական խնդիրներ ունի, սակայն, դրանք չկան։ Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման մասին խոսակցություններին՝ Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ նման բան հնարավոր չէ: "Այսինքն, դուք կարծում եք, որ Ռուսաստանը չի կատարի իր պարտավորությունները, ինչու՞։ Նման ակնարկներ հնչում են Հայաստանի որոշ քաղաքական ուժերից եւ նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներից", - վստահեցրել է ԱԺ փոխնախագահը։
Այնուհետև Ռուբինյանը լրագրողներին մեղադրել է որոշակի օրակարգ սպասարկելու համար։ "Այդ փուչիկը, որը դուք փորձում եք փչել, թե՝ իբր, Ռուսաստանի հետ մենք տնտեսական խնդիրներ ունենք, ես գիտեմ, թե ինչի համար է դա արվում։ Քանի որ Կալուգայի օլիգարխը (խոսքը "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի մասին է – խմբ․) պատրաստվում է դա օգտագործել իր նախընտրական քարոզարշավում։ Բայց դա չի ստացվի", - հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը, որոշ լրագրողների մեղադրելով այն բանում, որ "նրանք ֆինանսավորվում են հենց Կարապետյանի կողմից"։
Ռուբինյանը նաեւ մեկնաբանել Է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ "Հայաստանը մոտենում է մի կետի, երբ հայ-ռուսական հարաբերությունները կարող են վերանայվել", նկատելով, որ նման հայտարարություններ բազմիցս են հնչել, սակայն "դրանից հետո ոչ մի աղետալի բան երբեք տեղի չի ունեցել": "Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք շարունակելու ենք բարեկամական մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը", - եզրափակել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հույս էր հայտնել, որ ինչպիսին էլ լինի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքը, երկկողմ հարաբերությունների ամրապնդման տրամադրվածությունը կպահպանվի: Ռուսաստանի նախագահը շեշտը դրել է այն բանի վրա, թե ինչ էլ որ տեղի ունենա, Ռուսաստանում միշտ առաջնորդվելու են նրանով, ինչը ձեռնտու է հենց հայ ժողովրդին։ Պուտինը նաեւ հայտարարել էր, որ Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը, սակայն Երեւանը չի կարող գտնվել միանգամից երկու մաքսային միություններում, հույս հայտնելով, որ ապագայում ԵՄ-ը եւ ԵՏՄ-ը կփոխգործակցեն: Այդ առնչությամբ նա վարչապետին հիշեցրել էր, որ "Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում զգալիորեն ավելի էժան, քան այժմ Եվրոպայում այդ վառելիքի գներն են" ։ Դրանից հետո կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության 8-րդ արտահերթ համագումարի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել էր ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալ, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի բարձրացնել Հայաստանի համար գազի գինը: