
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչների խորհուրդների՝ 2026 թվականի գարնանային հանդիպումների շրջանակում մասնակցել է մի շարք բարձր մակարդակի քննարկումների և միջոցառումների։
ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա ժողովի ընթացքում քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային ֆինանսատնտեսական զարգացումները, երկու կառույցների ընթացիկ օրակարգն ու առաջիկա առաջնահերթությունները, ինչպես նաև Ընկերակցային խմբի հետագա գործունեության կազմակերպչական հարցերը։
Մարդկային կապիտալի ծրագրի համակարգող անձանց ֆորումի շրջանակում ընդգծվել է մարդկային կապիտալի զարգացման դերը՝ որպես կայուն տնտեսական աճի հիմնասյուն։ Քննարկումները փորձ փոխանակելու, առկա մարտահրավերները վերհանելու և քաղաքական լուծումներ դիտարկելու հնարավորություն են տվել: Ներկայացվել են Համաշխարհային բանկի խմբի նոր գործիքները, այդ թվում՝ ընդլայնված Մարդկային կապիտալի ինդեքսը (HCI+)։
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի՝ ֆինանսների նախարարների կոալիցիայի (Coalition of Finance Ministers for Climate Action - CFMCA) 15-րդ հանդիպմանը քննարկվել են կանաչ և դիմակայուն տնտեսական անցման հնարավորությունները տնտեսական աճի, արտադրողականության, մրցունակության և էներգետիկ անվտանգության խթանման համատեքստում։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման համաժողովի Վարկառուների հարթակի պաշտոնական մեկնարկին, որին մասնակցել են ավելի քան 30 երկրներ, ընդգծվել է զարգացող երկրներում աճող պարտքային մարտահրավերների հասցեագրման անհրաժեշտությունը։ Նախաձեռնությունը միտված է ամրապնդելու վարկառու երկրների համագործակցությունը և բարձրացնելու պարտքի կայունության ու զարգացման ֆինանսավորման արդյունավետությունը։
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական հեռանկարներին նվիրված քննարկմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային զարգացումների շուրջ, ինչպես նաև ընդգծվել է շարունակական և կառուցողական քաղաքական երկխոսության կարևորությունը։
Էդգար Մկրտչյանն արդյունավետ քննարկումներ է ունեցել նաև Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի, Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավարության հետ։ Քննարկումների առանցքում եղել են Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները, տնտեսական համագործակցության դրական դինամիկան, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային կապուղիների զարգացման, տնտեսական համագործակցության և կայուն զարգացման խթանման կարևոր հարթակ, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող համատեղ ծրագրերի առաջընթացը։