
Արմինֆո. Կենտրոնական Ասիայի երկրներին՝ որպես ԽՍՀՄ-ից դուրս եկած տարածաշրջան, ծանր ժառանգություն է բաժին ընկել՝ հնացած տեխնոլոգիաներ", - հայտարարել է Ղազախստանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարար Երլան Նիսանբաևը՝ տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի (Regional Environmental Summit - RES) լուսաբանման համար Աստանա ժամանած միջազգային լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ այդ պետությունների առջև կանգնած է տնտեսության բոլոր ոլորտներում վերազինման խնդիր։ «Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել աղտոտիչ արտանետումները: Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է կարգի բերել էներգետիկան։ Ինչու՞։ Քանի որ CO2-ի արտանետումների մինչև 80%-ն այսօր բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին։ Եվ այդ պատճառով մեզ համար առաջնային խնդիր է նվազեցնել այդ արտանետումները, որպեսզի կայունացնենք իրավիճակն էկոլոգիայում՝ ընդհանուր առմամբ", - նշել է Նիսանբաեւը։
Նրա խոսքով՝ այսօր Ղազախստանում արդիականացվում են արտադրությունները, սակայն այդ գործընթացներն ապահովելու համար անհրաժեշտ են զգալի միջոցներ: Այդ առումով բնապահպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ RES գագաթնաժողովի գլխավոր խնդիրը միջազգային ֆինանսական ինստիտուտների եւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելն է: "Իրականում այդ բոլոր խնդիրները, նույնիսկ, առանձին վերցրած տարածաշրջանի, անհրաժեշտ է լուծել միասին, ամբողջ աշխարհով", - ընդգծել Է նախարարը:
Նա նաև նշել է, որ էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև ջրախնայող տեխնոլոգիաներին անցնելու խնդիրները մարտահրավերների ստանդարտ շարք են, որոնց բախվում է ցանկացած երկիր: «Մեզ անհրաժեշտ են միջազգային կազմակերպություններ, փորձագիտական եզրակացություններ, միջազգային փորձ: Այսինքն՝ միայն նման միջոցառումների միջոցով կարող ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծմանը։ Ուստի գլխավոր խնդիրը տնտեսության բոլոր ճյուղերի արդիականացումն է, վերազինումը, որը կտա արդյունք՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման տեսքով», - ամփոփել է նա։
Նշենք, որ տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովն (RES) ընթանում է Աստանայում՝ ապրիլի 22-24-ը՝ "Կայուն ապագայի ընդհանուր տեսլական" թեմայով: Միջոցառումը նպատակաուղղված է Կենտրոնական Ասիայի երկրներում էկոհամակարգերի, ջրային և հողային ռեսուրսների պաշտպանության, վերականգնման և համատեղ օգտագործման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման համալիր քաղաքականության և գործիքների ձևավորմանը: RES-ը կազմակերպվել է Ղազախստանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության կողմից ՝ Միավորված ազգերի կազմակերպության և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ, և առաջին մասշտաբային միջոցառումն է, որն ուղղված է համատեղ լուծումների մշակմանը, որոնք արտացոլում են բնապահպանական մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ տարածաշրջանային մոտեցումը: