Երեքշաբթի, 5 Մայիսի 2026 17:06
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանն ու Եվրամիությունը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Հայաստանն ու Եվրամիությունը տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Արմինֆո. Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում գործընկերության մասին համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրվել է 2026 թվականի մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում։

Հռչակագրում կողմերը վերահաստատում են տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ընդհանուր տեսլականն ու հանձնառությունը:

Նշվում է, որ այդ գործընկերությունը, որը լիովին համապատասխանում է Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ԵՄ գլոբալ ռազմավարությանը, Տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում միջտարածաշրջանային օրակարգին, "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությանը, TRIPP նախագծին եւ հիմնված է Սեւծովյան տարածաշրջանում ԵՄ ռազմավարական մոտեցման մասին համատեղ հաղորդագրության, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ ԵՄ համագործակցության հաստատված քաղաքականությունների եւ ձեւաչափերի վրա, արտացոլում է ներառական, անվտանգ եւ կայուն տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապերի ամրապնդման ընդհանուր շահագրգռվածությունը:

Կողմերը այս հռչակագրով ճանաչում են հետեւյալ ուղղությունների ռազմավարական կարեւորությունը․ տրանսպորտ, էներգետիկա եւ թվային տեխնոլոգիաներ։

Տրանսպորտի ոլորտում փոխգործակցության շրջանակներում նշվում է տարածաշրջանային տրանսպորտային ցանցերում, ներառյալ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում Հայաստանի ներառական ինտեգրման ընդլայնումը ՝ համաձայնեցված տեխնիկատնտեսական հիմնավորումների եւ համատեղ սահմանված առաջնահերթությունների տեխնիկական գնահատականների միջոցով։

Էներգետիկայի ոլորտում նշվում է աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ ուղղված էներգետիկ անկախության բարձրացմանը, կլիմայի փոփոխության նկատմամբ կայունությանը և էլեկտրացանցի դիվերսիֆիկացմանը, ամրապնդմանը, էներգիայի պահպանման հզորությունների ընդլայնմանը և տարածաշրջանային ինտեգրման խթանմանը:

"Այս նպատակներին աջակցելու համար երկու կողմերն առաջ են մղելու առաջնահերթ նախագծերն ու նախաձեռնությունները տեխնիկական համագործակցության, տեխնիկատնտեսական հիմնավորումների, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության և մասնավոր հատվածի մասնակցության միջոցով",- ասվում է հռչակագրում:

Նշվում է, որ սույն Հռչակագիրն արտացոլում է հավակնոտ, փոխշահավետ և հեռանկարային գործընկերություն զարգացնելու Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության մտադրությունը՝ ճանապարհ հարթելով դեպի շոշափելի արդյունքներ, որոնք կամրապնդեն Հայաստանի ինտեգրումը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվային ցանցերին և կնպաստեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և փոխկապակցվածությանը: