
Արմինֆո.Երևանում հանդիպում է տեղի ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեթ Կուրբանովի և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի միջև։
Ինչպես հաղորդում է Թուրքմենստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, զրույցի սկզբում թուրքմենական կողմը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ մայիսի 5-6-ը նախատեսված «Երևանյան երկխոսություն 2026» ներկայացուցչական միջազգային համաժողովին մասնակցելու հրավերի համար։
Բանակցությունների ընթացքում դիվանագետները նշելլ են երկու պետությունների միջև քաղաքական և դիվանագիտական փոխգործակցության բարձր մակարդակը։ Ընդգծվել է, որ երկկողմ համագործակցության հիմքը կազմում է բարձր մակարդակի կանոնավոր երկխոսությունը։ Արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր խորհրդակցությունները նշվել են որպես գործընկերության կարևոր գործիք։
Կողմերը նշել են միջազգային հարթակներում իրենց սերտ համագործակցությունը, ընդ որում՝ թուրքմենական կողմը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հեղինակավոր միջազգային կառույցների շրջանակներում Թուրքմենստանի արտաքին քաղաքականության նախաձեռնություններին աջակցության համար։
Առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ հանդիպման մասնակիցները շեշտել են փոխադարձ առևտրի դիվերսիֆիկացման և ավելացման համար առկա գործիքների ակտիվացման անհրաժեշտությունը: Այս առումով նշվել է տնտեսական համագործակցության միջկառավարական թուրքմենա-հայկական հանձնաժողովի համակարգող դերը:
Արտահայտվել է նաև երկու երկրների առևտրային կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև անմիջական փոխգործակցության համար պայմաններ ստեղծելու հանձնառությունը:
Մշակութային և հումանիտար գործընկերության զարգացման համատեքստում նշվել է դրա բարձր մակարդակը: Ժողովուրդների միջև հումանիտար կապերի հետագա ամրապնդման համար թուրքմենական կողմն առաջարկել է Հայաստանում անցկացնել Թուրքմենստանի հերթական մշակույթի օրերը: