Երեքշաբթի, 19 Մայիսի 2026 15:30
Ալեքսանդր Ավանեսով

Կարգավորող․ 2025 թվականը նշանավորվեց ինչպես օրենսդրական փոփոխություններով, այնպես էլ շուկայում կառուցվածքային վերափոխումներով

Կարգավորող․ 2025 թվականը նշանավորվեց ինչպես օրենսդրական փոփոխություններով, այնպես էլ շուկայում կառուցվածքային վերափոխումներով

Արմինֆո.  Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:

 

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով 2025 թվականի գործունեության արդյունքները, նշել է, որ հաշվետու տարին նշանավորվել է ինչպես օրենսդրական փոփոխություններով, այնպես էլ շուկայում կառուցվածքային վերափոխումներով: Նրա խոսքով, հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի էներգետիկ անվտանգության ծրագրի շրջանակներում մշակված "Էլեկտրաէներգիայի մասին", "Էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին" եւ "Էներգախնայողության մասին" օրենքների վերանայված նախագծերը, որոնց վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է իր դիտողություններն ու առաջարկությունները:

 

Հաշվետու տարվա ընթացքում փոփոխություններ են կատարվել նաև էներգետիկ հատվածի կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտերում․ մեծածախ և մանրածախ շուկաներում առևտրի կանոնները, հաղորդող և բաշխիչ ցանցերի աշխատանքի կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը և կարգավորվող ընկերությունների կողմից գնումներին ներկայացվող պահանջները:

 

Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց զգալի աճ է գրանցվել: «Եթե 2022 թվականին ազատականացված հատվածի սպառումը կազմում էր ներքին սպառման 5,3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20,1 տոկոսը, 2024 թվականին՝ 27,8 տոկոսը, իսկ 2025 թվականին արդեն հասել է 33,2 տոկոսի։ Միայն 2025 թվականին ազատականացված շուկա է մուտք գործել 6-10 կՎ լարման սպառողների մոտ 474,5 մլն կՎտ ժամ սպառում», - ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը։

 

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազաբաշխման համակարգի օպերատորի ծառայությունների և պահեստավորման սակագները, սակայն բնական գազի սակագինը փոխելու կարիք չի եղել: Համանման իրավիճակ է պահպանվել նաև էլեկտրաէներգետիկական և խմելու ջրի ոլորտներում, որտեղ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագները տարվա ընթացքում մնացել են անփոփոխ:

 

Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, ևս 20-ը գտնվել են կառուցման փուլում և ունեցել են 38 մեգավատ հզորություն: Արևային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արևային կայան՝ 448 մեգավատ հզորությամբ, ևս 42-ը գտնվել են կառուցման փուլում և ունեցել են 183 մեգավատ հզորություն: Բացի այդ, բաշխիչ ցանցին միացված ինքնավար արեւային էլեկտրակայանների թիվը գերազանցել է 50 հազարը, դրանց ընդհանուր հզորությունը կազմել է 640 մեգավատ, իսկ միջին ամսական հավելաճը կազմել է 15-20 մեգավատ։

 

Աճ է դիտվել նաև հեռահաղորդակցության հատվածում։ Բջջային կապի բաժանորդների թիվը 2025 թվականի վերջին կազմել է 4 151 192 մարդ, ինչը 66 792-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից ։ Շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թիվը կազմել է 3 550 621 մարդ՝ աճելով 8,9%-ով: Հանրապետությունում գործում են ֆիքսված կապի լիցենզավորված 202 օպերատորներ, որոնցից 170-ը՝ մարզերում, իսկ 32-ը՝ Երևանում: Ֆիքսված լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդների թիվը կազմել է 624 985 մարդ՝ աճելով 3,5% - ով:

 

2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում-բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:

 

Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 190 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ պետական բյուջե է վերադարձվել 88,5 միլիոն դրամ: Միաժամանակ, պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10,3 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ 9,7 մլրդ դրամը, ձևավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործումից և թույլտվությունների տրամադրումից ստացված եկամուտների հաշվին: 380,23 մլն դրամ ստացվել է արտոնագրային վճարներից, իսկ 227,4 մլն դրամ վճարվել է կարգավորվող սուբյեկտների կողմից՝ իրավական ակտերի խախտումների համար: