Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 15:00
Ալինա Հովհաննիսյան

«Արարատցեմենտը» կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին. նախարար

«Արարատցեմենտը» կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին. նախարար

Արմինֆո. Իշխանությունները հետ չեն կանգնել "Արարատցեմենտ" գործարանի վերաբերյալ իրենց որոշումից։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նա ընդգծել է, որ գործարանին առնչվող հարցը կլուծվի օրենքի շրջանակներում, ճիշտ այնպես, ինչպես դա եղավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պարագայում: "Եվ ՀԷՑ-ի հարցում մենք արդեն եզրափակիչ փուլում ենք։ Շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կդառնա Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների սեփականությունը։ Նույն ճակատագրին կարժանանա նաև «Արարատցեմենտը», - ասել է Խուդաթյանը։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լոռու մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանի "Մուլտի Գրուպ" կոնցեռնին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը ("Արարատցեմենտ" ՓԲԸ) շատ շուտով ազգայնացվելու է: Կառավարությունն արդեն համապատասխան գրություն է ստացել Գլխավոր դատախազությունից, որը խախտումներ է հայտնաբերել ձեռնարկության սեփականաշնորհման գործընթացում: Վարչապետը գործարանը բնութագրել էր որպես "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի "բիզնես ողնաշար" եւ հայտարարել էր, որ ազգայնացումից հետո ձեռնարկությունը կանցնի Հայաստանի Հանրապետության սեփականությանը, իսկ նրա աշխատակիցները "կազատվեն" Ծառուկյանի ցուցումներից: