Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 16:01
Ալինա Հովհաննիսյան

Կապսի ջրամբարի կառուցման նոր մրցույթը կհայտարարվի 2026 թվականին․ Դավիթ Խուդաթյան

Կապսի ջրամբարի կառուցման նոր մրցույթը կհայտարարվի 2026 թվականին․ Դավիթ Խուդաթյան

Արմինֆո.  Կապսի ջրամբարի կառուցման համար նոր մրցույթ կհայտարարվի 2026 թվականին։ Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

"Ակնկալում ենք, որ շինարարական աշխատանքները կհաջողվի հնարավորինս շուտ վերսկսել", - ընդգծել է նա, հույս հայտնելով, որ 2028 թվականի առաջին կիսամյակում արդեն կարելի է տեսնել նոր շինարարի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքները։

 

Խուդաթյանը հիշեցրել է, որ Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքները կանգ են առել չինական Shanxi Construction Investment Group ընկերության կողմից աշխատանքների ժամանակացույցից լուրջ շեղումների առնչությամբ։

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, նախագիծը ֆինանսավորվում է KfW-ի վարկային միջոցների հաշվին և Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Դրա ընդհանուր բյուջեն կազմում է 95,2 մլն եվրո, այդ թվում փոխառու միջոցները՝ 68,5 մլն եվրո։ Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբար՝  առավելագույն ծավալի հետագա ավելացմամբ մինչև 60 մլն խմ: Առաջին փուլում կբարձրացվի Շիրակի մայրուղային և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և դրանց կառավարման տակ գտնվող շուրջ 17 000 հա հողատարածքի ջրապահովման մակարդակը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ, ինչը թույլ է տալիս տարեկան տնտեսել 1,3 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա:

 

Ջրամբարի 60 մլն խմ ծավալի դեպքում հնարավոր կլինի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքների մակերեսն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի շրջանում շուրջ 6600 հա հողերի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, ինչը թույլ կտա տարեկան խնայել 11.0 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

 

Հիշեցնենք, որ 1988թ. երկրաշարժի հետևանքով կիսակառույց 110 մլն խմ նախագծային հզորությամբ Կապսի ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի հովտում: KfW-ի հետ 70 մլն եվրոյի վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունիսի 29-ին, միջոցների օգտագործման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, սակայն այնուհետև երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: