Հինգշաբթի, 28 Մայիսի 2026 15:15
Մարիաննա Մկրտչյան

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից

Արմինֆո.Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը։ Այս մասին ասված է ռուսական տեսչական կառույցի հայտարարության մեջ։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական մրգի և բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։

«Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակին։ Բացի այդ, Հայաստանի իրավասու գերատեսչության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ։ Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Ռոսսելխոզնադզորը ստուգումներ է անցկացրել Հայաստանի ձեռնարկություններում, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այն է՝ ջերմոցային համալիրներում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն, ինչը հաստատվում է հայկական մրգի և բանջարեղենի ներմուծման ժամանակ դրանց հայտնաբերման պարբերական դեպքերով՝ 181 դեպք 2026 թվականին»,- հայտարարել են Ռոսսելխոզնադզորում։

«Նաև, ըստ Ռոսսելխոզնադզորի տեղեկատվական համակարգի տվյալների, մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն է մատակարարվում արտաքին տնտեսական գործունեության բազմաթիվ հայաստանյան մասնակիցների կողմից, որոնց սեփականության ձևն անհայտ է, և ովքեր խուսափում են կարանտինային բուսասանիտարական հսկողությունից։ Նշվածը վկայում է այն մասին, որ հայ գործընկերների մոտ բացակայում է արտադրանքի հետագծելիության համակարգը Ռուսաստան արտահանման ժամանակ»,- հավելել են կառույցում։

Նշենք, որ ավելի վաղ ռուսական կողմը սահմանափակել էր հայկական ծաղիկների, հանքային ջրերի և որոշ արտադրողների ալկոհոլային արտադրանքի մատակարարումները երկիր։