Երեքշաբթի, 9 Հունիսի 2026 18:47
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 32,3%-ով

Հայաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 32,3%-ով

Արմինֆո.  Հայաստանում 2026թ. առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 073 գործարք, ինչը 32,3%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիների կողմից իրականացված գործարքներին բաժին է ընկնում 6,8% - ը (մեկ տարի առաջվա 6,5%-ի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

 

Կադաստրային տվյալների համաձայն,  Հայաստանում անշարժ գույք վաճառող օտարերկրացիների թիվը գերազանցում է գնողների թիվը։ Առաջին եռամսյակում կատարվել է անշարժ գույքի վաճառքի 548 գործարք, գնման՝ 501, առքուվաճառքի՝ 24 գործարք։

 

Արդյունքում, առաջին եռամսյակում օտարերկրացիների կողմից գնվել է 525 անշարժ գույքի օբյեկտ, իսկ վաճառվել է 572-ը։

 

Ընդ որում, օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի առյուծի բաժինը պատկանում է բնակարաններին՝ 60,2 տոկոս, որին հաջորդում են ավտոտնակները՝ 13 տոկոս, հողերը՝ 11 տոկոս, առանձնատները՝ 10,3 տոկոս, հասարակական նշանակության շենքերը՝ 5 տոկոս, իսկ ամենացածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը՝ 0,3 տոկոս:

 

Վաճառքի դեպքում հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում նույնպես բնակարաններին՝ 39,5%, բայց փոքր տարբերությամբ հաջորդում են հողամասերը՝ 30,1%, և առանձնատները՝ 25,3%: Աննշան մասը բաժին է ընկնում ավտոտնակների վաճառքին՝ 3,1%, հասարակական նշանակության շենքերին՝ 1,6%, և արտադրական նշանակության շենքերին ՝ 0,3%:

 

Հայաստանում անշարժ գույք առավել ակտիվ են գնում և վաճառում ՌԴ, ԱՄՆ, Իրանի, եվրոպական և ԱՊՀ  մի շարք երկրների քաղաքացիները: