Շաբաթ, 20 Հունիսի 2026 11:11
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ․ ԱԲ գործարանի կառուցման ծրագրի իրականացումը կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը

Վարչապետ․ ԱԲ գործարանի կառուցման ծրագրի իրականացումը կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Firebird ընկերության կողմից Հայաստանում կառուցվող արհեստական բանականության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարան») ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կենտրոնի կառուցման և տեխնոլոգիական սարքավորումների տեղակայման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։

 

Անդրադարձ է կատարվել նախագծի իրականացման ժամանակացույցին, պետական և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքներին, ինչպես նաև «ԱԲ գործարանի» լիարժեք գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը։

 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունն ու նշել, որ այն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնություն է։ Վարչապետը ընդգծել է, որ ծրագրի իրականացումը կնպաստի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը, նոր հնարավորություններ կստեղծի գիտահետազոտական և կրթական միջավայրերի համար, ինչպես նաև կխթանի Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացումը տեխնոլոգիական ոլորտում։

 

Նշենք, որ Firebird ընկերության մասշտաբային ԱԲ տվյալների կենտրոնը կառուցվում է Հրազդան քաղաքում: Նախագիծն իրականացվում է մի քանի փուլով, իսկ ներդրումների ծավալը կարող է հասնել 4 մլրդ դոլարի։ Կենտրոնը կառուցվում է 200 հազար քառակուսի մետր մակերեսով և աշխատում է նորագույն գրաֆիկական արագացուցիչներով: Սարքավորումը ներառում է NVIDIA Blackwell համակարգեր: Առաջին փուլը գնահատվում է 500 միլիոն դոլար, որի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի ամռանը։