Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 19:26
Մարիաննա Մկրտչյան

Հայ փորձագետը գնահատել է "Տելեկոմ Արմենիա"-ի և "Ազերտելեկոմ"-ի միջև համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրմանն առնչվող ռիսկերը

Հայ փորձագետը գնահատել է "Տելեկոմ Արմենիա"-ի և "Ազերտելեկոմ"-ի միջև համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրմանն առնչվող ռիսկերը

Արմինֆո. Առանց Երևանի և Բաքվի միջև երկկողմ հարաբերությունների և սահմանային հարցերի կարգավորման՝ նման ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանի համար ավելի շատ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում, քան՝ այլընտրանքային հնարավորություններ։ Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն այդպես է մեկնաբանել հաղորդումն այն մասին, որ "Տելեկոմ Արմենիա" (Team Telecom Armenia) և "Ազերտելեկոմ" ընկերությունները երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է երկու երկրների տարածքով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ առևտրային հիմունքով:

 

«Որքանով հասկանում եմ «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:

 

Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

 

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ.-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:

Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

 

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

 

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ», - գրել է  փորձագետը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

Հիշեցնենք, որ "Տելեկոմ Արմենիա" ԲԲԸ - ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որն առաջատար դիրքեր է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

 

Հանդիսանալով Հայաստանում առաջին հեռահաղորդակցության ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի այս ոլորտում ծառայությունների մատուցման 100-ամյա պատմություն: Հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ Team-ը մատուցում է հուսալի և նորարարական ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:

 

Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է շարժական և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ:

 

Ընկերությունը նաև թարմացրել և արդիականացրել է իր DWDM ցանցը ՝ ապահովելով  Մերձավոր Արևելքի տարանցիկ կապի շուկայի և ինտերնետային վաճառքի հասանելիություն: Կարճ ժամանակահատվածում Team-ը դարձել է տարածաշրջանում ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը: