Ուրբաթ, 26 Հունիսի 2026 09:39
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումների նկատմամբ

Ռուսաստանն ընդլայնել է սահմանափակումները Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումների նկատմամբ

Արմինֆո.Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։

Այսպիսով, կասեցվել են Հայաստանից ձկնամթերքի բոլոր մատակարարումները։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ ավելի վաղ, համակարգային խախտումների արդյունքում, «Ռոսսելխոզնադզորը» խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես կասեցնել ամբողջ ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ի: Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ «Հետագայում, նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հավաստող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,- հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։

Այնտեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատանքներ է տանում հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարման համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ։