Շաբաթ, 27 Հունիսի 2026 12:43
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային անցակետի արդիականացմանն առնչվող հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային անցակետի արդիականացմանն առնչվող հարցեր

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:

 

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը, անդրադարձ է կատարվել տրանսպորտի, էներգետիկայի, առևտրատնտեսական հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընթացքին:

 

Զրուցակիցները քննարկել են նաև սահմանային անցակետի արդիականացման և սահմանահատման թողունակության բարձրացման վերաբերյալ հարցերը, որոնք ուղղակիորեն կխթանեն առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:

 

ՀՀ փոխվարչապետը և ԻԻՀ նախագահի տեղակալը՝ որպես Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, երկուստեք ընդգծել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և պայմանավորվել են շարունակել քննարկումները այդ ձևաչափով: