Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 15:11
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ուսումնասիրվում է արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը քաղաքաշինության ոլորտի նախագծերի փորձաքննության փուլում 

Հայաստանում ուսումնասիրվում է արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը քաղաքաշինության ոլորտի նախագծերի փորձաքննության փուլում 

Արմինֆո. Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինական գործընթացների թվայնացման առաջիկա ծրագրերը։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը հրավիրված են եղել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետները։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրության համաձայն, Եղիազար Վարդանյանը նշել է, որ քաղաքաշինության ոլորտի թվայնացումն արդեն մեկնարկել է մի քանի ուղղություններով։ 

 «Առաջիկայում մեր առաջնահերթությունն է լինելու շինարարության որակի տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը թվային լուծումների կիրառմամբ։ Այդ նպատակով Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ ուսումնասիրել ենք միջազգային փորձը և քննարկում ենք՝ արտերկրում հաջողությամբ գործող թվային համակարգերը  Հայաստանում ևս ներդնելու տարբերակներ»,-հայտնել է կոմիտեի նախագահը, հավելելով, որ նախատիպային համակարգը կարող է նախ կիրառվել դպրոցների կառուցման պետական ծրագրերում։

Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի փորձագետների հետ համագործակցելու, էլեկտրոնային համակարգերի կիրառությանը մասնագիտական համայնքին նախապատրաստելու վերաբերյալ հարցեր՝ կարևորելով թվային գործիքների ներդրումից զատ մասնագետների գործելաոճի փոփոխությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել թվային հարթակում համալիր փորձաքննության և հողամասերի նպատակային նշանակության փոփոխության գործարկման նախապատրաստությանը։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման և հաշվետվությունների համակարգի ներդրման աշխատանքները։ Բացի այդ, դիտարկվել է նախագծերի փորձաքննության փուլում արհեստական բանականության գործիքակազմի կիրառման հնարավորությունը։