
Արմինֆո.Ռուսական ռուբլու տոքսիկ ավելցուկը (toxic surplus) այդ դրամական միջոցները ԵԱՏՄ երկրների բանկերի համար վերածել է ծանր ու վտանգավոր բեռի. արձագանքը պայմանների խստացումն է կամ լիակատար հրաժարումը։
Եվ այս ավելցուկը տոքսիկ (թունավոր) է, քանի որ արժույթը «կողպված» է բանկերում, բերում է միայն վնասներ, և առկա է երկրորդային պատժամիջոցների ռիսկ։
Մասնավորապես, պատժամիջոցների պատճառով տեղական բանկերը (օրինակ՝ Ղազախստանում կամ Հայաստանում) չեն կարողանում հեշտությամբ այդ կանխիկ ռուբլիները վերածել անկանխիկ ձևի Ռուսաստանի թղթակցային հաշիվներում կամ դրանք համաշխարհային շուկայում փոխանակել դոլարի/եվրոյի։ Իսկ վնասները բխում են նրանից, որ բանկերը պարտավոր են միջոցներ ծախսել այդ թղթադրամների անվտանգ պահպանման, պահպանության, ինկասացիայի (փոխադրման) և հնչեղության (իսկության) ստուգման վրա, ընդ որում՝ ռուբլիները պարզապես մեռյալ կապիտալի տեսքով հանգրվանում են և չեն աշխատում։ Ռուսական կանխիկ դրամական մեծ ծավալների հետ աշխատանքը օտարերկրյա բանկերի համար ստեղծում է նաև երկրորդային պատժամիջոցների ռիսկեր՝ արևմտյան՝ արևմտյան կարգավորողների կողմից սահմանափակումների տակ ընկնելու տեսանկյունից։
ԵԱՏՄ երկրների տարածքում ռուսական ռուբլու հետ կապված իրավիճակը «ՌԲԿ» (РБК) պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին և պաշտոնական տվյալներին, նկարագրում է հետևյալ կերպ. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների բանկային համակարգում հունիսից սկսվել է ռուսական արժույթի նկատմամբ քաղաքականության կտրուկ խստացման գործընթաց։
«ԵԱՏՄ երկրների բանկերը սկսել են սահմանափակել կամ խստացնել բանկային հաշիվներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները։ Ամենախիստ մոտեցումն ընտրել են Հայաստանի որոշ բանկեր՝ ամբողջությամբ դադարեցնելով գործառնությունները կանխիկ ռուբլով, ներառյալ դրանց հաշվեգրումը հաշիվներին։ Ընդ որում, անկանխիկ հաշվարկները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով։ Բելառուսի (առնվազն 8 խոշոր բանկեր՝ Ալֆա-Բանկ, Բելարուսբանկ, ԲելՎԷԲ, ԲՆԲ-Բանկ, ՄՏԲանկ, Սբեր Բանկ, Տեխնոբանկ և Ցեպտեր Բանկ) և Ղազախստանի (ամենախոշոր խաղացողներից մեկը՝ ՑենտրԿրեդիտ՝ ԲՑԿ) բանկերը գնացել են սահմանափակումների ճանապարհով՝ սահմանելով 2-5% միջնորդավճար կանխիկ ռուբլու մուտքագրման, ինչպես նաև դրամարկղերի, տերմինալների ու բանկոմատների միջոցով կանխիկ ռուբլու ընդունման համար։ Ղրղզստանում «ԷկոԻսլամիկԲանկը» նույնպիսի դրույքաչափ է սահմանել SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների համար»,- գրում է «ՌԲԿ»-ն։
Պարբերականի համաձայն՝ փորձագետների գնահատմամբ, բանկերի համար ռուսական ռուբլու անպետքության խնդրի հիմքում ընկած է ԵԱՏՄ տարածքում ռուսական ազգային արժույթի հսկայական ավելցուկը։ Ղազախստանի Ազգային բանկի տվյալներով՝ միայն ապրիլին երկրի փոխանակման կետերը գնել են 6,5 միլիարդ ռուբլի, իսկ մայիսին՝ ևս 4,7 միլիարդ ռուբլի։ Փորձագետները նաև պարզաբանում են, որ կանխիկ դրամի ընդունումն ու մշակումը բանկերի համար կապված են զգալի ծախսերի հետ՝ պահպանման, ինկասացիայի (փոխադրման) և իսկության ստուգման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, արտերկրում կանխիկ ռուբլու պահանջարկը գործնականում բացակայում է, ինչը տեղական բանկերի համար նման գործառնություններն ուղղակիորեն դարձնում է ոչ շահավետ։
Նրանց կարծիքով՝ դրամական հոսքերի ավելացման վրա ազդել է հենց ՌԴ-ի ներսում շրջանառվող կանխիկ դրամի ընդհանուր ծավալի աճը, որը տարեսկզբից ավելացել է շուրջ 1,4 տրիլիոն ռուբլով։ Նրանք հավելել են, որ դեպի հարևան երկրներ կանխիկի արտահոսքն ակտիվացել է Ռուսաստանում ներքին վերահսկողության խստացման պատճառով. ՌԴ բանկերում կասկածելի է համարվում 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձանց կողմից ավելի քան 5 միլիոն ռուբլու (իսկ իրավաբանական անձանց կողմից՝ ավելի քան 30 միլիոն ռուբլու) կանխիկի մուտքագրումը և դրան հաջորդող արագ փոխանցումն արտերկիր, ինչը հանգեցնում է հաշիվների արգելափակման։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է ապրիլի 1-ից գործող ՌԴ նախագահի հրամանագիրը, որն արգելում է ԵԱՏՄ երկրներ ավելի քան 100 հազար դոլար գումարի կանխիկ դրամական միջոցների արտահանումը, ինչը սուբյեկտներին ստիպում է միջոցներն արտահանել հենց ռուբլու համարժեքով։
Մինչդեռ, «ԱրմԻնֆո» ԼԳ-ի հավաքագրած տեղեկատվության համաձայն, հայաստանյան բանկերն իրենց կայքերում շարունակում են սահմանել փոխարժեքներ կանխիկ և անկանխիկ գործառնությունների համար։ Այսպես, ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ժամը 13:00-ին, դրամի փոխարժեքը ռուբլու նկատմամբ տատանվում է կանխիկ գործառնություններով 3,7/4,7-ից մինչև 4,45/4,85 դրամ՝ 1 ռուբլու դիմաց, իսկ անկանխիկ գործառնություններով՝ 4,05/4,79-ից մինչև 4,47/4,94 դրամ՝ 1 ռուբլու դիմաց։
Հայաստանի արժութային մանրածախ շուկայում ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ժամը 13:00-ին, դրամի փոխարժեքը ռուբլու նկատմամբ տատանվում է 1 ռուբլու դիմաց 4,40/4,65-ից մինչև 4,45/4,70 դրամի սահմաններում։
Նկատենք, որ Հայաստանի արժութային մանրածախ շուկայում հունիսի երկրորդ կեսին ռուսական ռուբլու առքի և վաճառքի փոխարժեքների միջև տարբերությունը կտրուկ աճել է, և սփրեդը (spread) 0,10-0,12 կետից հասել է 0,45 կետի։ Սակայն հունիսի վերջին սփրեդը նվազել է մինչև 0,25 կետ՝ հուլիսի սկզբին էլ ավելի նվազելով՝ մինչև 0,20 կետի։
«ԱրմԻնֆո»-ում նաև պարզել են, որ այսօր Հայաստանում բանկերի կողմից ռուբլով ավանդների ներգրավումից հրաժարվելու միայն եզակի դեպքեր կան, ինչը նրանք պայմանավորում են պահանջարկի բացակայությամբ։ Արդյո՞ք կհետևի շղթայական ռեակցիա (ռուբլով ավանդներից հրաժարում)՝ ռուսական արժույթի հետ կապված վերը շարադրված իրավիճակի լույսի ներքո, փորձագետները դժվարանում են ասել, բայց և չեն բացառում։ Ինչ վերաբերում է կանխիկ ռուբլով գործառնությունների դադարեցմանը, ներառյալ դրանց հաշվեգրումը հաշիվներին, ապա ստեղծված իրավիճակում ոլորտի փորձագետները բանկերի գործողությունները լիովին արդարացված են համարում՝ արձանագրելով. «Արժութային ռիսկի կառավարումն ու արժութային դիրքի կարգավորումը ոչ ոք չի չեղարկել»։