
Արմինֆո. Ալբանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյի հետ։
Հունաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, հիդրո, արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համակարգում։ Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։
Փոխնախարար Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկու երկրների միջև գործնական համագործակցությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նաև հետքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու և գործընկերություն ձևավորելու հարցում։