
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը, ինչպես նաև դրա իրականացման մեխանիզմների կատարելագործման, գործընթացների ճկունացման և արագացմանն առնչվող հարցեր։
Կարևորելով ծրագրի դերը զբոսաշրջության զարգացման և մարզային ենթակառուցվածքների արդիականացման գործում՝ կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել սերտ համագործակցությունը՝ նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։
TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը:
Նշենք, որ առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 1.041 մլն զբոսաշրջիկ, ինչը 14,8% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Առյուծի բաժինը պատկանում է 35-44 տարիքային խմբի զբոսաշրջիկներին (25%), որին հաջորդում են 25-34 տարեկան զբոսաշրջիկները (20%), 45-54 տարեկան զբոսաշրջիկները(18%), 55-64 տարեկան զբոսաշրջիկները (13%) և այլն:
Ավանդաբար, Հայաստանում նախընտրում են հանգստանալ ՌԴ (40%), Վրաստանի (15%), Իրանի (8%), ինչպես նաև Չինաստանի, Գերմանիայի, ԱՄՆ (2-ական տոկոս), Ուկրաինայի (1,5%), Ֆրանսիայի (1,3%), Իտալիայի (1,2%), Հնդկաստանի (1%) քաղաքացիները: