
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը Հայաստանին լրացուցիչ քվոտա է հատկացրել էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման համար: Այդ մասին Facebook-ի էջում հրապարակված տեսանյութում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ինչպես պարզաբանել է նախարարը, դիլերների և ֆիզիկական անձանց համար մնացել է մոտ 1900 չօգտագործված քվոտա՝ ի սկզբանե հատկացված 15 000-ից։ "Լավ լուր նրանց համար, ովքեր պլանավորում էին այս տարի էլեկտրամոբիլ ձեռք բերել։ ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանին տրամադրվել է լրացուցիչ քվոտա 5 000 էլեկտրամոբիլների չափով՝ մաքսատուրքի զրոյական դրույքաչափով (0%) դրանց ներմուծման հնարավորությամբ: Այսպիսով, 2026 թվականի քվոտայի ընդհանուր ծավալը կազմել է 20 000 էլեկտրամոբիլ", - հայտարարել է նախարարը։
Նա նշել է, որ 5000 միավոր լրացուցիչ քվոտայի բաշխման կարգի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տվյալներ էր ներկայացրել էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտաների օգտագործման վերաբերյալ: Այսպես, 2026 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ դիլեր-դիստրիբյուտորների կողմից երկիր է ներմուծվել 1283 միավոր տեխնիկա, դիլեր - դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների կողմից՝ 1164 միավոր տեխնիկա։ Այսինքն՝ առաջին խմբի անձանց կողմից քվոտաներն օգտագործվել են 57% - ով, երկրորդի կողմից՝ 90% - ով։