Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026 14:02
Մարիաննա Մկրտչյան

ՌԴ-ը չափազանց բծախնդրորեն է վերաբերվում հայկական երկաթուղիների կոնցեսիայի բոլոր պայմանների կատարմանը

ՌԴ-ը չափազանց բծախնդրորեն է վերաբերվում հայկական երկաթուղիների կոնցեսիայի բոլոր պայմանների կատարմանը

Արմինֆո Ռուսաստանը մշտական շփման մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով, պայմանագրի բոլոր կետերն իրականացվում են ամրագրված համաձայնագրերին համապատասխան: Այդ մասին "Իզվեստիա"-ին հաղորդել է Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզյորովը՝ խոսելով ռուս-հայկական համագործակցության մասին։

 

Նրա խոսքով՝ ՌԴ-ը չափազանց բծախնդրորեն է վերաբերվում բոլոր պայմանների կատարմանը, ինչպես նաև՝ Հայաստանը։

 

"Պայմանագրում ամրագրված են բոլոր պայմանները, դադարեցման, լուծման, հստակեցման, զարգացման, երկարաձգման հարցերը։  Այդ բոլոր հարցերը մանրամասն շարադրված են պայմանագրում, եւ մենք հստակորեն կհետեւենք այդ դրույթներին ", - հավելել Է Բելոզյորովը։

 

 Նա նաև նշել է, որ ոչ մի քաղաքական իրադարձություն չի ազդում երկրների երկկողմ համագործակցության վրա, աշխատանքը շարունակվում է: "Եթե կառավարության մակարդակով ինչ-որ լրացուցիչ որոշումներ լինեն, ապա կազմակերպությունն անպայման կկատարի դրանք", - ասել է Բելոզյորովը:

 

Ուշագրավ է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 31-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի: Նա հավելել էր, որ Երեւանն այդ հարցը քննարկել է, եւ նկատել էր, որ "թվում է՝ ռուս գործընկերները չեն պատրաստվում անհրաժեշտ ներդրումներ կատարել":

 

Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը բաց չի թողնի ստեղծված պատմական հնարավորությունը, ընդգծելով, որ ցանցը պետք է աշխատի և ինտեգրվի մեծ նախագծում: Նրա խոսքով ՝ Երևանն առաջարկում է ռուս գործընկերներին վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը, որպեսզի նրանք ևս վնասներ չկրեն։ Նա հերթական անգամ կրկնել էր, որ Ռուսաստանը կարող է այն վաճառել որևէ երրորդ երկրի, որն ընդունելի լինի և Հայաստանի, և Ռուսաստանի համար: Նա համոզմունք էր հայտնել, որ երկաթուղիների վերաբերյալ լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ և Հայաստանը հաղթի, և Ռուսաստանի բարեկամներին չնեղացնեն: Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը սպասելու է ռուսական կողմի պատասխանին։

 

Օգոստոսի 24-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել ճկունություն ցուցաբերել և հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառել երրորդ բարեկամ կողմի: Նա նաև հաղորդել է, որ 400 մլն դոլարով կոնցեսիան գնելու առաջարկ կա։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման դեպքում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից:

 

Ռուսաստանի կողմից երկաթուղիների կոնցեսիայի վաճառքի առաջարկն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր փետրվարի 13-ին: Այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ռուսական կողմից Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փաստը Հայաստանի համար մրցակցային խնդիրներ է ստեղծում, եւ շատ միջազգային գործընկերներ ցանկանում են շրջանցել Հայաստանի տարածքը՝ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնելիս: Այդ առումով նա առաջարկել էր ՌԴ-ին մտածել երրորդ, բարեկամ երկրին կոնցեսիան վաճառելու մասին։ Որպես օրինակ նա առաջարկել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն կամ Քաթարը։

 

Ռուսաստանում անհիմն են անվանել Փաշինյանի այդ պնդումները և հայտարարել են, որ մտադիր չեն վաճառել հայկական երկաթուղիների կոնցեսիան։

 

Հիշեցնենք, որ "ՀԿԵ" ՓԲԸ-ն "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգը "ՀԿԵ" ՓԲԸ կառավարմանը հանձնելու մասին: Պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի առաջին քսան տարուց հետո ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։ "ՀԿԵ" ՓԲԸ խնդիրների մեջ են մտնում ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության զարգացումը, ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացումը: Ընկերության կողմից իրականացվող ներդրումների չափը կազմում է 572 մլն դոլար: "ՀԿԵ" ՓԲԸ իր գործունեությունը սկսել է 2008թ. հունիսի 1-ից։