
Արմինֆո. Երևանի Սարյան փողոցում մեկնարկել են Գլխավոր փոստի շենքի ապամոնտաժման աշխատանքները: Այդ մասին ասվում է Զարգացման և ներդրումների ծրագրի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Աշխատանքների իրականացման համար սահմանվել է 18 ամիս ժամկետ: Աղբյուրը հիշեցրել է, որ այդ տարածքում նախատեսվում է համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center) կառուցում:
Նախագիծը նախատեսում է կոնֆերանս-դահլիճների, համերգասրահների և ցուցասրահների, ինչպես նաև ժամանակակից բիզնես կենտրոնի ստեղծում: Բացի այդ, կկառուցվի 4-աստղանի հյուրանոց՝ 180 համարով։ Նախագծի ընդհանուր նախահաշվային արժեքը գերազանցում է 212 մլն դոլարը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և "Ռենշին" ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման նախագծի իրականացման համար։ Միաժամանակ, ՀՀ կառավարության, "Ռենշին" ՍՊԸ-ի և "Հայփոստ" ՓԲԸ-ի միջև ստորագրվել է եռակողմ համաձայնագիր, որի համաձայն ստեղծվելու է "Երևան համաշխարհային առևտրի կենտրոն" ՓԲԸ: Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման և "Երևան համաշխարհային առևտրի կենտրոն" ՓԲԸ ստեղծման քաղաքաշինական նախագծին մասնակցելու մասին որոշումը հաստատվել է գործադիրի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծրագրի իրականացումը պետք է սկսվեր 2024 թվականի հունվարի 1-ից եւ ավարտվեր 2028 թվականի դեկտեմբերի 31-ին: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 15970 քմ: Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ նախագծի իրականացմանը մեծ նշանակություն է տրվում, քանի որ շինարարության ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է մոտ 212 մլն դոլար: Նախաձեռնության շնորհիվ նախատեսվում է ստեղծել առնվազն 10 հազար նոր աշխատատեղ: Բացի այդ, հարկային վճարումները համայնքի բյուջե զգալիորեն կավելանան։