
Արմինֆո. Հայաստանը և Իրանը նախնական տեղեկատվություն կփոխանակեն երկու երկրների տարածքով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ: Սեպտեմբերի 3-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է համապատասխան արձանագրության ստորագրումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Իրանի մաքսային վարչության միջև:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ արձանագրությունը կուղղվի օրինապահ տնտեսվարողներին, որոնք կօգտվեն պարզեցված մաքսային հսկողության և մաքսազերծման ընթացակարգից: Ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար իրանական կողմը առաջարկել է ստեղծել պարզեցված մաքսային միջանցք հայ-իրանական սահմանին և համապատասխան նախագիծ դրա իրականացման համար: Մասնավորապես, նախատեսվում է, որ պարզեցված մաքսային միջանցքի իրականացման համար կողմերը էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն կփոխանակեն ապրանքների, տրանսպորտային միջոցների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ բեռնափոխադրողների և նրանց աշխատակիցների վերաբերյալ, նախքան մյուս կողմի տարածք ապրանքներ և տրանսպորտային միջոցներ ներմուծելը, համաձայն արձանագրությամբ սահմանված պայմանների: Պարզեցված մաքսային միջանցքը նախատեսված է կիրառելու այն սուբյեկտների նկատմամբ, որոնց գործունեությունը բնութագրվում է մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկով: Պարզեցումները կվերաբերեն բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներին, բացառությամբ անձնական տրանսպորտային միջոցների, և բոլոր տեսակի բեռների՝ պարզեցված մաքսային միջանցքը կամավոր կերպով օգտագործող հայկական և իրանական կազմակերպությունների համար։