Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 20:10
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարն էմիրաթական «Al-Futtaim Group»-ի հետ քննարկել է Հայաստանում IKEA ապրանքանիշի ներկայացվածության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարն էմիրաթական «Al-Futtaim Group»-ի հետ քննարկել է Հայաստանում IKEA ապրանքանիշի ներկայացվածության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

 

Ինչպես հաղորդոում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը։

 

Այնուհետև մտքեր են փոխանակվել «Al-Futtaim Group»-ի հարուստ միջազգային փորձի և մասնագիտական ներուժի ներդրմամբ Հայաստանում համագործակցության հնարավորությունների՝ մասնավորապես IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները Հայաստանում ներկայացնելու շուրջ։

 

Անդրադարձ է կատարվել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների իրականացման և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարներին։

 

«Al-Futtaim Group»-ը ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որի գործունեությունն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, մանրածախ առևտուր, անշարժ գույք, ֆինանսական ծառայություններ, առողջապահություն և կրթություն։ Ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրում, ունի ավելի քան 40,000 աշխատակից։ Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 200 միջազգային և սեփական բրենդեր։

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

 

Նշենք, որ Al-Futtaim Group-ը ֆրանչայզինգային համաձայնագրի շրջանակներում կառավարում է IKEA-ի խանութները Մերձավոր Արևելքում (ԱՄԷ, Եգիպտոս, Կատար և Օման):