
ԱրմԻնֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է խոշոր նավահանգստային-լոգիստիկ ընկերության՝ DP World-ի տնօրենների խորհրդի նախագահ Իսամ Քազիմի հետ։
Կողմերը քննարկել են DP World-ի հետ երկարաժամկետ գործարար համագործակցության հաստատման հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքերի ամրապնդմանը։
Առանձին անդրադարձ է կատարվել Գյումրիում «Չոր նավահանգիստ» նախագծում DP World-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարներին։
Այս համատեքստում նախարարը ընդգծել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։
Հանդիպման ընթացքում Պապոյանն ու Քազիմը ընդգծել են համագործակցության հաստատման կարևորությունը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով։
Նշենք, որ DP World-ը Դուբայում տեղակայված միջազգային ընկերություն է, որը գործում է նավահանգստային ենթակառուցվածքների, լոգիստիկայի և մատակարարման շղթաների կառավարման ոլորտներում։ Ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում կառավարում է ավելի քան 60 նավահանգիստ և տերմինալ, ինչպես նաև ծառայություններ է մատուցում ծովային, ցամաքային և մուլտիմոդալ փոխադրումների, պահեստավորման և բեռնափոխադրումների կազմակերպման ոլորտներում։