
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են ջերմոցային ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, արտահանման խթանման և արտահանման գործընթացների կազմակերպման ուղղությամբ գործող պետական աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի զարգացման և մրցունակության բարձրացման հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել ջերմոցային վարդի արտահանման լոգիստիկ և տրանսպորտային առանձնահատկություններին, մաքսազերծման գործընթացին և ոլորտին առնչվող այլ հարցերի։
Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է ոլորտի բնականոն և շարունակական գործունեության ապահովումը, հայկական ջերմոցային վարդի արտահանման մրցունակության բարձրացումը և նոր շուկաներում հայկական արտադրանքի դիրքերի ամրապնդումը։
Հիշեցնենք, որ "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ծաղկի արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչության և դրա արդյունքների վերլուծության ավարտը։ «Որոշումն ընդունվել է Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար: Չնայած ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է: 96,2 մլն հատ ծաղկի ներկրման ժամանակ հայտնաբերվել է 135 դեպք։ Դա կազմում է ամբողջ 2025 թվականի բացահայտումների ընդհանուր թվի 77% - ը", - նշել են "Ռոսսելխոզնադզորում"։
ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 19.9 մլն հատ ծաղիկ և բողբոջ, ինչը 23.8% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 39,5% - ով ՝ կազմելով 8,9 մլն դոլար: Արտահանման առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին ՝ 59,1% կամ 11,7 մլն հատ, ինչը նախորդ տարվա ցուցանիշին զիջում է 47,2%-ով: Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 59.2% - ով՝ կազմելով 5.2 մլն դոլար։