Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2026 19:57
Ալեքսանդր Ավանեսով

Լեհական «KGHM» հանքարդյունաբերական ընկերությունը շահագրգռված է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ

Լեհական «KGHM»  հանքարդյունաբերական ընկերությունը շահագրգռված է Հայաստանի գործընկերների հետ համագործակցությամբ

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է «KGHM» լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։

 

Ասատուր Վարդանյանը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ոլորտը ներդրումային տեսանկյունից գրավիչ է։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, Ռեմիգիուշ Պաշկևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ «KGHM» ընկերությունը, որը Կանադայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում հանքարդյունաբերող խոշորագույն ընկերություններից է, հնարավոր է համարում նաև հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցությունը ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ գիտելիքների փոխանակման շրջանակներում։

 

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկայացվել են կողմերի ակնկալիքները և գործընկերության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող հանքարդունաբերող հիմնական ընկերությունների հետ համագործակցային հեռանկարները։