
ԱրմԻնֆո. Իրաքյան Քրդստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, Հայաստանից Իրաք, այդ թվում՝ Իրաքյան Քրդստան արտահանմանը աջակցելու հարցերը Էրբիլում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Լևոն Պետրոսյանը և Իրաքյան Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Սափին Դիզային։
Ինչպես հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են նաև կողմերի միջև շփումների ակտիվացումը և մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտներում համագործակցության խորացումը։ Էրբիլ կատարած այցի շրջանակում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է անցկացրել նաև Իրաքյան Քրդստանի վարչապետի տեղակալի՝ արտաքին գործերի հարցերով խորհրդական և վարչապետի տեղակալի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քրդստանի վարչապետի՝ արտաքին գործերի հարցերով ավագ խորհրդական Բայան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քրդստանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սարվար Քամալ Խավարիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։