
ԱրմԻնֆո. Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Գևորգ Պապոյանի՝ Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիի հետ հանդիպման արդյունքները։
Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։
Շուկաներ հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններն ու ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով և գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար։
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Եգիպտոսից Հայաստան ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը նվազել է 90%-ով՝ կազմելով $8.7 մլն։
Արտահանվող ապրանքների մաքսային արժեքն աճել է 3 անգամ՝ կազմելով $792.3 հազ․։