Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 10:28
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ

ԱրմԻնֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկին՝ Աբհիջիթ Բաներջիին։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը ողջունել է Բաներջիի այցը Հայաստան և ընդգծել քաղաքականության մշակման, ծրագրերի ազդեցության գնահատման և այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցությունը հայ գործընկերների հետ՝ բարեփոխումների առավել արդյունավետ առաջխաղացման նպատակով։  Տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում հետագա համագործակցության հարցերի շուրջ։