Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2026 16:04
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումին

Հայաստանի ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումին

Արմինֆո. Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX), որին մասնակցում է նաև ՀԾԿՀ պատվիրակությունը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։

 

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, ֆորումը համախմբել է աշխարհի տարբեր երկրների էներգետիկ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

 

Քննարկումների առանցքում են էներգետիկ ոլորտի անցումը դեպի ավելի մաքուր և կայուն էներգետիկ համակարգեր, էլեկտրաէներգետիկական ցանցերի զարգացման և արդիականացմանն ուղղված ներդրումները, տարածաշրջանային էներգետիկ շուկաների ինտեգրումը, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարումը։ Օրակարգում են նաև էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու կարգավորումը, կանաչ ջրածնի կիրառումն ու զարգացումը, էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը էներգետիկ ոլորտում։

 

Ֆորումի շրջանակում առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ անցման պայմաններում կարգավորողների առջև ծառացած մարտահրավերներին, նոր ներդրումների խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանության հավասարակշռմանը։

 

WFER-ը էներգետիկ կարգավորման ոլորտի խոշորագույն միջազգային հարթակներից է, որտեղ տարբեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները քննարկում են էներգետիկ ոլորտի զարգացման գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները։